ԱԺ-ում ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի հարցով ստեղծված քննիչ հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանձնաժողովի երկրորդ նիստում երկար ժամանակ անդամները համաձայնության չէին գալիս, թե որ խմբակցությունը պետք է առաջադրի նախագահի տեղակալի թեկնածու:
«ԱԺ կանոնակարգ օրենքի համապատասխան՝ հանձնաժողովի նախագահի տեղակալը պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչ: Հիմա ես ուզում լսել ձեր կարծիքը, թե ով է համարվում ընդդիմություն ԱԺ-ում»,-ասաց ՀՀԿ խմբակցության անդամ Գևորգ Կոստանյանը:
Առաջարկ եղավ, որ այս դեպքում ընդդիմություն պետք է համարվի այն խմբակցությունը, որը հանձնաժողովը ստեղծելու հարցում ընդդիմադիր է եղել:
«Ելք» խմբակցությունից Հովիկ Աղազարյանը նշեց՝ հանձնաժողովի նպատակը ընդդիմություն և իշխանություն որոշելը չէ: «Կանոնակարգի համաձայն՝ եթե ՀՀԿ-ն իշխանություն է, ապա հանձնաժողովի նախագահը պետք է լինի մյուս կուսակցություններից, իսկ եթե ՀՀԿ-ն ընդդիմություն է, և հանձնաժողովի նախագահն ընդդիմության ներկայացուցիչ է, ապա, ըստ կանոնակարգի, տեղակալը պետք է լինի կամ «Ծառուկյան»-ից, «Ելք»-ից, կամ ՀՅԴ-ից»,-ասաց Աղազարյանն ու ԲՀԿ-ին խնդրեց, որ թույլ տան տեղակալի պաշտոնը զբաղեցնի իրենց խմբակցության ներկայացուցիչը, քանի որ դրանում կա նաև քաղաքական խնդիր:
Կոստանյանը նշեց՝ հասկանում է Աղազարյանի մոտեցումը, սակայն կանոնակարգի համաձայն՝ եթե կառավարող խմբակցության ներկայացուցիչը հանձնաժողովի նախագահ է, ապա հանձնաժողովի նախագահի տեղակալի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը պատկանում է ընդդիմությանը: Նորից առաջարկեց ՝ որոշել, թե որն է ընդդիմադիր խմբակցությունը:
Աղազարյանը նշեց՝ տպավորությունն այնպիսին է, որ ոչ սահմանդրական իրավիճակ է ստեղծվել այս հարցում: Նա նշեց՝ հանձնաժողովը պետք է առաջարկությամբ հանդես գա ԱԺ-ին՝ ինքնալուծարման համար:
Սերգեյ Բագրատյանը նկատեց՝ կառավարության մաս կազմող ուժերն իշխանություն են, դուրս մնացածները՝ ընդդիմություն: Նշանակում է՝ ՀՀԿ-ն ընդդիմադիր է: «Քանի որ ընդդիմության ներկայացուցիչը տեղակալի պաշտոնի նախաձեռնողն է, տվյալ դեպքում մյուս կուսակցությունների կողմից պետք է տեղակալ առաջադրվի: Կարծում եմ՝ թեկնածուն պետք է լինի «Ելք»-ից կամ ՀՅԴ-ից»,-ասաց նա:
Արփինե Հովհաննիսյանը նշեց՝ ճիշտ կլինի, որ ընդդիմադիր խմբակցություն համարեն նրան, որը ԱԺ ձևավորման պահից իրեն համարել է ընդդիմություն: Առաջարկեց, որ թեկնածուն առաջադրվի «Ելք»-ից:
Կոստանյանը նկատեց՝ այդ հանձնաժողովը իրավական գործընթացների նկատմամբ ուղղվածություն պետք է ունենա։ Նշեց՝ տեղակալի պաշտոնն առաջարկել է Գևորգ Պետրոսյանին, սակայն նա հրաժարվել է: Առաջարկեց թեկնածու ընտրել «Ելք»-ից: «Մեր ուղղվածությունը հիմնականում իրավական բնույթի է, և որպես նախագահի տեղակալ առաջարկում եմ Ալեն Սիմոնյանի թեկնածությունը՝ նկատի ունենալով, որ նա իրավաբան է մասնագիտությամբ»,-նշեց Կոստանյանը
Քվեարկությամբ Ալեն Սիմոնյանն ընտրվեց նախագահի տեղակալ:
ԱԺ կանոնակարգի համապատասխան հոդվածի համաձայն, ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը դիմել էր ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին՝ «Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի եւ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի առնչությամբ երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը քննության առարկա դարձնելու նպատակով քննիչ հանձնաժողով» ստեղծելու համար: Ստեղծված հանձնաժողովը քննելու է ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման մանրամասները: Հանձնաժողովի առաջին նիստը կայացել էր սեպտեմբերի 19-ին: Դրա կազմում են ՀՀԿ-ից Գևորգ Կոստանյանը, Արփինե Հովհաննիսյանը, Ալիկ Սարգսյանը, Ռուստամ Մախմուդյանը, Կորյուն Նահապետյանը, «Ելք» դաշինքից Հովիկ Աղազարյանը, Ալեն Սիմոնյանը, «Ծառուկյան» դաշինքից Գևորգ Պետրոսյանը, Սերգեյ Բագրատյանը, Վահե Էնֆիաջյանը, իսկ ՀՅԴ-ից' Սպարտակ Սեյրանյանը: