ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 21-ին ընդունել է Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար, Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստան այցելությունների թվով Ֆրանսիան բացարձակ առաջատար է, ինչի հիմքում են երկու ժողովուրդների միջեւ դարավոր բարեկամական հարաբերությունները եւ քաղաքական սերտ փոխգործակցությունը:
Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Վալերի Պերկեսին նրա գլխավորած Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի՝ Լեռնային Ղարաբաղի ճանաչման վերաբերյալ ընդունած բանաձեւի, ինչպես նաեւ՝ պատերազմի հետեւանքով տեղահանված բնակչության կարիքներին ուղղված 75 հազար եվրո օգնություն հատկացնելու համար:
Զրուցակիցները նշել են, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ ապակենտրոնացված համագործակցությունը երկկողմ հարաբերությունների կարեւոր բաղադրիչներից է:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ֆրանսիայի նախագահի թեկնածուն կարեւորել է Հայաստանի հետ բազմաբեւեռ փոխգործակցությունը՝ նշելով, որ այդ պատճառով է որպես նախագահի թեկնածու իր առաջին այցը Հայաստան կատարել: Նրա խոսքով՝ երկու երկրները նույնական համամարդկային արժեքների կրողն են եւ Հայաստանին վերաբերող խնդիրները չեն կարող անտարբեր թողնել Ֆրանսիային:
Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել հետպատերազմյան Արցախում տիրող իրավիճակին, չլուծված հումանիտար խնդիրներին եւ մշակութային ժառանգության պահպանությանն առնչվող հարցերի:
Այս համատեքստում քննարկվել են Ադրբեջանում պահվող հայերի հայրենադարձման առաջնահերթությունները: Վալերի Պեկրեսը կարեւորել է միջազգային հանրության դերը հակամարտության հանգուցալուծման գործընթացում:
Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հավաստիացրել է, որ անկախ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների արդյունքներից Ֆրանսիայի հետ հարաբերությունների դինամիկ զարգացումը շարունակական է լինելու: