Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն առաջարկում է խորհրդարանում ձևավորվելիք գազի հանձնաժողովի աշխատանքները բաց անցկացնել, քանի որ քննարկվելիք հարցերը հետաքրքրում են հասարակության մեծ մասին: Ազգային ժողովում գազի հարցով հանձնաժողով ստեղծելու ՀՀԿ խմբակցության ներկայացրած նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորը նշեց, որ դռնփակ քննարկումներ անցկացնելու անհրաժեշտու թյուն չի տեսնում: «Մեզ համար անընդունելի է հանձնաժողովի նիստերը դռնփակ անցկացնելու գաղափարը: Ես կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունն ընդհանրապես չկա. կողմնակից եմ բաց և թափանցիկ քննարկումների»,-  նշեց Մանուկյանը:

 

ՀԱԿ պատգամավորը փոխզիջումային տարբերակ է առաջարկում: Նրա խոսքով՝ կարելի է նախագծում դրույթ մտցնել, ըստ որի' հանձնաժողովի նիստերը կարող են փակ լինել, եթե կա դրա անհրաժեշտությունը, եթե քննարկվում են հարցեր, որոնք գաղտնիություն են պահանջում: «Սակայն սահմանին և սպառողին հասնող գազի գների տարբերությունը, 300 միլիոն դոլար պարտքի ուսումնասիրությունը, «ՀայՌուսգազարդ»-ի 20 տոկոս բաժնեմասի վաճառքը գաղտնիքներ չեն, և կարելի է այդ քննարկումները բաց անցկացնել: Եթե այլ հարցեր ավելացնելու կարիք կա, խնդրեմ, ավելացրեք, և եթե պետք է, դրանք դռնփակ նիստում կքննարկենք, սակայն հանձնաժողովի բոլոր նիստերը դռնփակ անցկացնելն անընդունելի է մեզ համար»,- եզրափակեց Մանուկյանը:

 

Ազգային ժողովը քննարկում է խորհրդարանում գազի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու որոշման նախագիծը, որը ներկայացրել է իշխանական կոալիցիան: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը փետրվարի 17-ին խմբակցությունների ղեկավարներին խորհրդակցության է հրավիրել: Խորհրդակցության ժամանակ ԱԺ նախագահը խմբակցությունների ղեկավարներին ներկայացրել է ՀՀԿ խմբակցության առաջարկը՝ խորհրդարանում գազի հանձնաժողով ստեղծելու մասին: Խմբակցություններն առաջիկայում պետք է քննարկեն և իրենց դիրքորոշումն արտահայտեն առաջարկի վերաբերյալ:

 

Նախորդ քառօրյայի ընթացքում «Հանրապետական» մեծամասնությունը դեմ քվեարկեց գազի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ԱԺ 4 ոչ իշխանական ուժերի նախագծին: Չորս խմբակցություններն առաջարկում էին հանձնաժողովի շրջանակում ուսումնասիրել, թե երբ է կուտակվել Ռուսաստանի հանդեպ գազի գնի դիմաց 300 միլիոն դոլար պարտքը և որոնք են գազի մեծածախ և մանրածախ գների շոշափելի տարբերության պատճառները: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը խոստացել էր հետագայում անդրադառնալ ոչ իշխանական 4 ուժերի առաջարկին և նրանց բարձրացրած հարցերին: