ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը խնդրեց ԱԺ-ին գազային հանձնաժողովի մանդատը երկարաձգել մինչ հաջորդ նստաշրջանի ավարտը: Այս մասին հայտնեց պատգանավորը' ԱԺ հարթակից գազի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի միջանկյալ զեկույցի քննարկման ժամանակ:

 

«Այս հանձնաժողովի վերջնական նպատակը քաղաքական գնահատականներ տալն է: Բայց դա անելու համար պետք է ունենանք արաժանահավատ մասնագիտական հիմնավորումներ: Եթե ունենանք իրական պատկերը ներկայացնող փաստեր, ցանկացած քաղաքական ուժ կարող է հեռուն գնացող եզրակացություններ անել, իսկ քաղաքական եզրակացությունները կարող են լինել օգտակար և գործնական, եթե խարխսված լինեն մասնագիտական խորը վերլուծությունների հիման վրա:

 

Հանձնաժողովի աշխատանքների արդյունքում մենք եկանք այն եզրակացության, որ պետք է լրացուցիչ ուսումնասիրություններ կատարել, և խնդրում ենք ԱԺ-ին այս հանձնաժողովի մանդատի ժամկետը երկարաձգել մինչ հաջորդ նստաշրջանի ավարտը»,-նշեց Խոսրով Հարությունյանը:

 

Պատգամավորն անդրադարձավ սպառողների շահերի պաշտպանության հարցերին, որոնք քննող ենթախմբի անդամ է ինքը: «Այս պահի դրությամբ կարող եմ փաստել, որ հաշվիչները, որոնք նախատեսված են գազի ծավալների հաշվարկման համար, մանրածախ սպառողների' բնակչության համար, պետք է լինեն մատակարարի հաշվին, այլ ոչ թե բնակիչը պետք է դրա համար վճարի: Ավելին, դրանք պետք է մատակարար կազմակերպության հաշվին ստուգաչափում անցնեն»,- ասաց Խոսրով Հարությունյանը:

 

Ներտնային ծառայությունների վերաբերյալ էլ պատգամավորը նկատեց. «Այդ ծառայության նպատակն է ապահովել գազամատակարաման անվտանգությունը, դա ՀՀ-ում բնական գազ մատակարարելու բաղկացուցիչ մասն է: Ծառայություն մատուցել նշանակում է ոչ միայն որոշակի ծավալի գազ մատակարաել, այլև որոշակի որակի ծառայություններ մատուցել: Ներտնային ծառայությունների գումարները չպետք է առանձին գանձվեն, դրանք պետք է մտնեն իրացվող գազի սակագնի մեջ»,- նշեց Խոսրով Հարությունյանը' հավելելով, սակայն, որ այդ հարցը դեռ քննարկման առարկա է:

 

Ազգային ժողովն այսօր շարունակեց հունիսի 20-ին սկսած' Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի միջանկյալ եզրակացության քննարկումը:

 

Եզրակացությունը հունիսի 20-ին ներկայացրել է ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Նա տեղեկացրեց, որ ժամանակավոր հանձնաժողովում ստեղծվել է չորս աշխատանքային ենթախումբ եւ ներգրավվել է երեք փորձագետ: Վարդան Այվազյանը ներկայացրեց հանձնաժողովի կատարած աշխատանքների ուղղվածությունը, ուսումնասիրություններն ու վերլուծությունները: