«Փաստ» օրաթերթը գրում է.

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է լրացում կատարել կառավարության 2019 թ. փետրվարի 28-ի N 201-Լ որոշման մեջ: Նշվում է, որ էկոնոմիկայի նախարարություն են դիմել խաղողի մթերումներ իրականացնող առանձին տնտեսվարողներ, որոնք հայտնել են այն մասին, որ ՀՀ դրամի փոխարժեքի կտրուկ արժևորման հետևանքով դժվարանում են սպասարկել ներգրաված վարկերը։ Հիմա՝ ավելի մանրամասն: Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում 2023 թ. հունվարի 1-ից մինչև 2023 թ. սեպտեմբերի 8-ը խաղողի մթերման ուղղության համար վարկերը տրամադրվել են մինչև 3 տարի մարման ժամկետով, սուբսիդավորվել է 9 տոկոսային կետը, իսկ վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը վարկը տրամադրելու պահից հաշվարկվել է ոչ ավելի, քան 12 ամիս: Նշված ժամանակահատվածում խաղողի մթերման ուղղության համար ներգրավվել է մոտ 2,4 մլրդ դրամ վարկ։

2023 թ. սեպտեմբերի 8-ից մինչև 2023 թ. դեկտեմբերի 30-ը կառավարության 2023 թ. սեպտեմբերի 7-ի N 1520-Լ որոշման հիման վրա ծրագրի պայմաններին համապատասխան վարկերը տրամադրվել են մինչև 5 տարի մարման ժամկետով, սուբսիդավորվել է 11 տոկոսային կետը, իսկ վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը վարկը տրամադրելու պահից հաշվարկվել է ոչ ավելի, քան 24 ամիս: Նշված ժամանակահատվածում խաղողի մթերման ուղղության համար ներգրավվել է մոտ 6,3 մլրդ դրամ վարկ։ Նախագծով առաջարկվում է ծրագրում կատարել համապատասխան լրացում, ըստ որի, խաղողի մթերման ուղղության համար 2023 թ.-ին տրամադրված վարկերի (բացառությամբ կառավարության 2023 թ.-ի սեպտեմբերի 7-ի N 1520-Լ որոշման շրջանակներում տրամադրված վարկերի) համար ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների և շահառուների փոխադարձ համաձայնությամբ կարող են տրամադրվել վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ մինչև 12 ամսով լրացուցիչ ժամկետներ և մինչև 12 ամսով երկարաձգվել վարկերի մարման ժամկետները, ընդ որում՝ տրամադրված վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորվող 9 տոկոսային կետը մնում է անփոփոխ։

Ակնկալվում է, որ ծրագրի շահառուներին մասնակի աջակցության ցուցաբերման հնարավորություն կտրամադրվի, և նրանք կկարողանան փոփոխված մարման ժամանակացույցով սպասարկել 2023 թ.-ին ներգրավված վարկերը։ Վարկերի արտոնյալ և մարման ժամկետների երկարաձգման հնարավորությունից բոլոր շահառուների օգտվելու դեպքում 2024-2027 թթ. ծրագրի բյուջեն կավելանա մոտ 213,2 մլն դրամով, որից 2024 թ.-ին՝ մոտ 33,4, 2025 թ.-ին՝ մոտ 104,3, 2026 թ.-ին՝ շուրջ 73,2, իսկ 2027 թ.ին՝ մոտ 2,3 մլն դրամով:

Ծրագրի գծով պետբյուջեից նախարարությանը լրացուցիչ ֆինանսական միջոցներ հատկացնելու անհրաժեշտություն չի առաջանում, վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի ծրագրի 20242027 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի բյուջետային ֆինանսական հայտերով հաշվարկված գումարների շրջանակներում։