Հայաստանի կառավարությունն Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կողմից տրամադրված 202.4 մլն հատուկ փոխառության իրավունքի (SDR) համարժեք գումարի չափով վարկի մայր գումարի մարման գծով 2014թ. առաջին և երկրորդ եռամսյակների ընթացքում կվճարի 31.9 մլն SDR (յուրաքանչյուր եռամսյակ 15.95 մլն SDR):

 

Նշված մարումները կատարելու նպատակով ՀՀ 2014թ. պետական բյուջեով նախատեսվել է 19.8 մլրդ դրամ' հաշվարկը կատարվել է հիմք ընդունելով 2013թ. նոյեմբերի 1-ի դրությամբ արժութային շուկայում ձևավորված 1SDR=620.76AMD փոխարժեքը (1SDR=1.532USD և 1USD=405.26AMD): 2013թ. նոյեմբերի 1-ից հետո SDR-ի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ ունեցել է աճի միտում և առ 2014թ. փետրվարի 26-ն այն կազմում էր 1SDR=1.545USD կամ 1SDR=638AMD:

 

Հաշվի առնելով վերոգրյալը՝ 2014թ. առաջին կիսամյակի ընթացքում արտաքին վարկերի մարման համար կպահանջվի լրացուցիչ մոտ 660 մլն դրամ, որի հատկացման հարցը ներառված է ՀՀ կառավարության փետրվարի 19-ի նիստի օրակարգում:

 

Միաժամանակ, համաձայն ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ կենտրոնական բանկի միջև 2010թ. ստորագրված համաձայնագրի 1.2 կետի' ԱՄՀ-ի վարկի մարումները փոխարկվում են վճարման օրվա դրությամբ ՀՀ ԿԲ-ի կողմից սահմանված SDR-ի փոխարժեքով: