ՀՅԴ խմբակցությունն առաջարկում է մեծացնել ԱԺ գազի ժամանակավոր հանձնաժողովի կատարած աշխատանքի արդյունավետությունը: Խմբակցությունը տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին առաջարկում է հանձնարարել գազամատակարարման գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության հիման վրա քննարկումներ սկսել պատկան մարմինների հետ:

 

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՅԴ-ն շրջանառության մեջ է դրել օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկվում է գազամատակարարման գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի լայնածավալ աշխատանքը վերածել գործադրվող քաղաքականության՝ մեծացնելով կատարվող աշխատանքի արդյունավետությունը:

 

 

Նախագծով առաջարկվում է հանձնարարել ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին իրականացնել եզրակացությամբ արված առաջարկությունների քննարկում ՀՀ կառավարության, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Հայաստանում գազամատկարարման համակարգում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների հետ և առաջարկությունների կատարման արդյունքների մասին մինչև հինգերորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ավարտը յուրաքանչյուր հերթական նստաշրջանում մեկ անգամ ներկայացնել եզրակացություն:

 

 

Որպես հիմնավորում նշվում է այն հանգամանքը, որ կարևորագույն խնդիր է ՀՀ գազամատակարարաման համակարգի պոտենցիալի ամբողջական իրացման և համակարգի զարգացման վերաբերյալ հայեցակարգային մոտեցումների մշակումն ու գործադրումը՝ նպատակ ունենալով բարձրացնել երկրի էներգետիկ անվտանգության մակարդակը, հանրության, տնտեսական միավորների և պետության համար հուսալի, վստահելի և առավել մատչելի դարձնել մատուցվող ծառայությունները, խթանել տեխնոլոգիական նորարարությունները և էներգախնայողությունը, ընդլայնել գազամատակարարման համակարգի ծառայություններից օգտվողների շրջանակը և գազասպառման ծավալները, նպաստել երկրի կայուն զարգացմանը:

 

 

ՀՀ-ում գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովն իր գործունեության ընթացքում լայնածավալ աշխատանք է կատարել՝ ուսումնասիրելով շուրջ 10 հազար փաստաթուղթ: Հանձնաժողովը գործունեության ընթացքում ուսումնասիրել է գազի սակագնի ձևավորման օրինականությունը, ջերմատվության նորմատիվության օրինականության պահպանումը, ինչպես նաև մատակարարման հաշվիչների ստուգաչափման օրինականությունը: 2015թ. ապրիլին Ազգային ժողովում հանձնաժողովի եզրակացությունը պատգամավորներին է ներկայացրել հանձնաժողովի նա խագահ Վարդան Այվազյանը: