Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հետամուտ է լինելու, որպեսզի խորհրդարանում ձևավորվելիք գազի հանձնաժողովն արդյունավետ գործունեություն ծավալի և գտնի հանրությանը հուզող բոլոր հարցերի պատասխանները: Ազգային ժողովում գազի հանձնաժողով ստեղծելու որոշման նախագծի քննարկման ժամանակ ԱԺ նախագահն արտահերթ ելույթ ունեցավ, որի ընթացքում նշեց, որ ինքը տրամադրված է, որպեսզի ձևավորվելիք հանձնաժողովն ուսումնասիրի գազի հետ կապված բոլոր խնդիրներ, որոնք գտնվում են հանրության ուշադրության կենտրոնում: «Ես ստեղծելու եմ բոլոր հնարավորությունները, որպեսզի հանձնաժողովն ամբողջ լարվածությամբ աշխատի և փորձի վեր հանել խնդիրները և ապօրինությունները, եթե այդպիսիք կան»,- ասաց Աբրահամյանը:
Հովիկ Աբրահամյանը հիշեցրեց, որ 4 քաղաքկան ուժերը ներկայացրել էին նախագիծ, իսկ ինքն իր ելույթում ասել էր, որ անպայման անդրադառնալու է բարձրացված հարցերին և հնարավորություն է ստեղծելու դրանց քննարկման համար: «Մենք կուսակցությունում քնարկեցինք, առաջարկեցինք հանրապետության նախագահին, որպեսզի մենք ինքներս առաջարկենք հանձնաժողով ստեղծել ավելի լայն լիազորություններով: Եթե նկատում եք, ձեր առաջարկած բոլոր հարցերն ընդգրկված են մեր առաջարկած որոշման նախագծում, և կան նաև տարբեր հարցեր, որոնք մենք ենք առաջարկել, որ դառնան հանձնաժողովի ուսումնասիրության հարց»,- նշեց Աբրահամյանը:
ԱԺ նախագահն անդրադարձավ ոչ իշխանական ուժերի կողմից հնչող քննադատություններին հանձնաժողովի վերաբերյալ: Անդրադառնալով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի դիտարկմանը, թե մեծամասնության ներկայացրած նախագիծը թաղում է ճշմարտությունը, Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ մեծամասնությունը ոչինչ չի պատրաստվում թաղել և թաքցնել: «Մենք ցանկանում ենք հնարավորություն ստեղծել, որպեսզի բացահայտենք խախտման դեպքերը: Եթե կան մարդիկ, ովքեր չարաշահել են իրենց պաշտոնը և խախտումներ են թույլ տվել, պետք է պատասխան տան: Եվ հանձնաժողովն իր առաջ նպատակ պետք է դնի նման դեպքերը բացահայտելը: Չեմ հասկանում, դուք ինչու եք վարկաբեկում դեռևս չստեղծված հանձնաժողովի աշխատանքը»,- նշեց նա՝ հավելելով, որ իրենք իրենց որոշումների մեջ ազատ են, և եթե ուսումնասիրությունների արդյունքում պարզվի, որ կան մարդիկ, ովքեր խախտումներ են թույլ տվել, նրանք կպատժվեն:
Հովիկ Աբրահամյանը հատուկ ընդգծեց այն հանգամանքը, որ հանձնաժողովում իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները հավասար են լինելու: «Ես ցանկանում եմ, որպեսզի բոլորը տեղյակ լինեն և հասկանան, որ մենք որևէ բան թաքցնելու նպատակ չունենք, չկա նման բան»,- նշեց նա: Անդրադառնալով գործունեության ժամկետներին՝ ԱԺ նախագահը նշեց, որ ի սկզբանե իրենք որպես ժամկետ որոշել են նոյեմբերի 8-ը, որպեսզի հնարավորություն ունենան ուսումնասիրել բոլոր հարցերը, սակայն նշեց, որ կարող են համաձայնել նաև ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչների հետ, գործունեո ւթյան ժամկետ սահմանել մայիս կամ հունիս ամիսները: «Երբ հնարավորություն կլինի ավարտել հանձնաժողովի աշխատանքները, մենք այդ ժամանակ էլ պատրաստ կլինենք լսել ձեր զեկույցը»,- նշեց նա:
Անդրադառնալով հանձնաժողովի դռնփակ նիստեր անցկացնելու գաղափարին՝ Աբրահամյանը նշեց, որ ինքը որպես ԱԺ նախագահ դեմ է, որպեսզի որոշ մարդիկ գան հանձնաժողովի նիստերին դեմագոգիայով զբաղվելու համար: ԱԺ նախագահի խոսքով, այդ մարդիկ բազմաթիվ հնարավորություններ ունեն տեսախցիկների և ձայնագրիչների առջև դեմագոգիայով զբաղվելու համար, սակայն հանձնաժողովը նման բաների համար չպետք է ծառայի: «Այս հանձնաժողովը Ազգային ժողովի համար պետք է լուրջ լծակ լինի, որպեսզի հայտնաբերվեն բոլոր ապօրինությունները, եթե կան այդպիսիք, և ներկայացվեն մեր հանրությանը : Եվ ես ցանկանում եմ համոզմունք հայտնել, որ մենք ապագայում նման հանձնաժողովներ շատ ենք ունենալու: Այն հարցերը, որոնք այսօր արդիական են և մտահոգում են հանրության լայն շերտերին, մենք պարտավոր ենք վեր հանել, ուսումնասիրել և ներկայացնել հանրությանը»,- նշեց ԱԺ նախագահը:
Ազգային ժողովում ավարտվեց խորհրդարանում գազի հանձնաժողով ստեղծելու որոշման նախագհծի քննարկումը: Նախորդ քառօրյայի ընթացքում «Հանրապետական» մեծամասնությունը դեմ քվեարկեց գազի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ԱԺ 4 ոչ իշխանական ուժերի նախագծին: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը փետրվարի 17-ին խմբակցությունների ղեկավարներին խորհրդակցության էր հրավիրել: Խորհրդակցության ժամանակ ԱԺ նախագահը խմբակցությունների ղեկավարներին ներկայացրել էր ՀՀԿ խմբակցության առաջարկը խորհրդարանում գազի հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ: