ԱԺ-ում շարունակվում են արտահերթ նիստի աշխատանքները: Հիշեցնենք, որ քննարկվում է ՀՀ «Քրեական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է ապօրինի հարստացումը քրեականացնել: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր ելույթում կարևորեց այս փոփոխությունը և հայտարարեց, որ այն կոռուպցիայի դեմ պայքարի փիլիսոփայության մեջ կարևոր դերակատարում կունենա:
Պատգամավորը հիմնական զեկուցող Արփինե Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ եթե պաշտոնյայի մոտ փաստաթղթերով ամեն ինչ մաքուր է, սակայն նրա ունեցվածքն այլ անձանց վրա է գրանցված, ի՞նչ պիտի լինի այս դեպքում:
«Ենթադրենք՝ x պաշտոնյայի մոտ թղթերով ամեն ինչ նորմալ է, բայց ինքն ունի 6 տուն զոքանչի, մորաքրոջ հարսի, քեռու որդու, այսինքն՝ մերձավոր բարեկամների անուններով, մի 25 հատ էլ այդպես մեքենաներ ունի, որ գրում է հարևանի կամ մեկ այլ անձի վրա, դե ֆակտո իրենն է, բայց դե յուրե իրենը չէ, ի՞նչ է լինելու»,-հարցրեց նա:
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն արձագանքեց. «Ես ուսումնասիրել եմ աշխարհի այն երկրների փորձը, ովքեր փոխկապակցված անձանց շրջանակն ընդլայնել են, մենք էլ ենք ընդլայնելու, այդ նախագիծը ներկայացնելու ենք»,-ասաց նա:
Ըստ նախարարի՝ միջազգային փորձը ցուց է տվել, որ աշխարհում ոչ մի երկիր չի անցել համատարած հայտարարագրի ինստիտուտին: Նրա համոզմամբ՝ միակ երկիրը, որ դա արել է, եղել է Ռումինիան, սակայն այդ երկիրն էլ հետ է կանչել: «Արդյունքում՝ Ռումինիայում ամբողջ համակարգը կաթվածահար վիճակում հայտնվեց, ունենում էին միլիոնավոր հայտարարագրեր, բայց ոչ պատշաճ գործիքներ՝ դա ստուգելու համա: Փորձն ուսումնասիրելով, համոզվում ենք, որ երբ սկսում ես անբնական ձևով հսկել այդ շրջանակը, պաշտոնատար անձը գտնում է երկրորդ, երրորդ շրջանակն՝ ում անունով դա կանի: ՀՀ-ն պետք է ճանապարհ անցնի. այսպես ասած՝ դրածո անձանց գաղափարն սկսեց քննարկվել։ Վարույթն իրականացնող մարմինն այդ գործի շրջանակներում կարող է ու անդրադարձ կկատարի՝ արդյոք դե ֆակտո այդ գույքի տերը պաշտոնատար ա՞նձն է, թե՞ նա, ով սեփականատերն է»,- ասաց նա, հավելելով, որ ապօրինի հարստացումը համարվում է վտանգավոր գործիք՝ հետապնդման տեսակետից:
Նա նշեց նաև, որ իրավապահ համակարգի այս մոդելին թեկուզ ադապտացված լինելու պայմաններում շատ լայն գործիքակազմ տալու դեպքում վտանգի առաջ ենք կանգնելու։ «Ես կողմ եմ էվոլյուցիոն ճանապարհին, սա արդեն հեղափոխական ու աննախադեպ քայլ է ՀՀ-ի համար: Այս մոդելի շրջանակներում 70-80 տոկոս դեպքերում արդյունք կունենանք»,-եզրափակեց նախարարը: