ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը եւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը հանդես են եկել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկվում են մերսման սրահներն ընդգրկել սահմանափակման ենթակա գործունեության օբյեկտների շարքում` կանոնակարգելով բազմաբնակարան շենքերում գործող մերսման ծառայություններ մատուցող օբյեկտների գործունեությունը, մասնավորապես` վերջիններիս տեղակայումը։
«Հոդված 1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 15.2-րդ հոդվածի
ա) երրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտ` կարաոկե, դիսկոտեկ, հեստապարային ակումբ, բաղնիք, շոգեբաղնիք, սաունա, մերսման սրահ
բ) ութերորդ պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր իններորդ պարբերությամբ`
մերսման սրահ` սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտ, որտեղ մկանային լարվածությունը թուլացնելու նպատակով մերոսողի ձեռքերի կամ հատուկ սարքերի միջոցով մեխանիկական եւ չափավոր ազդեցություն է ներգործվում մարդու մարմնի վրա:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 26.09.2019 թվականին»,–նշված է առաջարկվող փոփոխությունում։
Նախագծով նախատեսվում է.
• ընդգրկել մերսման սրահները սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների շարքում
• սահմանել «մերսման սրահ» հասկացությունը:
Նախագծով առաջարկվող իրավակարգավորումների արդյունքում
• Կարգելվի մերսման սրահների տեղակայումն բազմաբնակարան շենքի բնակելի եւ (կամ) ոչ բնակելի տարածքում, ինչպես նաեւ կրթական եւ պատմամշակութային հաստատությունների, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի, բժշկական հաստատությունների տարածքներում:
• Համայնքի ավագանին կսահմանի մերսման սրահի տեղակայմանը, այսինքն` հեռավորությանը ներկայացվող պահանջները:
• Մերսման սրահների գործունեության թույլտվությունը տրամադրելու իրավունքը կվերապահվի համայնքի ղեկավարին, իսկ Երեւան քաղաքում` Երեւանի քաղաքապետին: