Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահի Հանրապետականի թեկնածու Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ նախքան առաջադրվելու մասին որոշում կայացնելը հանդիպումներ է ունենալու Ազգային ժողովի խմբակցություների, խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ։

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահի պաշտոնը զբաղեցնելու մտադրություն ունեցող անձը թեև հայտարարել է, որ առաջադրումից առաջ ստուգելու է քաղաքական ուժերի տրամադրությունները, սակայն դեռևս իրենց խմբակցության հետ հանդիպելու նախաձեռնությամբ հանդես չի եկել։

 

«Ինքը պետք է նախաձեռնի, առայժմ նման առաջարկ մեզ չի արվել»,-ասաց գեւորգ Պետրոսյանը։

Հարցին՝ հանդիպման դեպքում ի՞նչ հարցեր կուղղեն Արմեն Սարգսյանին, պատգամավորը պատասխանեց. «Արմեն Սարգսյանին տրվելիք հարցերը կախված են իր ծրագրերից: Կլսենք իրեն, որից հետո նրան հարցեր կուղղենք: Գաղտնիք չէ, որ մեր երկիրը գտնվում է տնտեսական, սոցիալական շատ վատ վիճակում և մեզ համար այն թեկնածուն է ցանկալի, ով երկիրը դուրս կբերի այս վիճակից»:
 
Պատգամավորը նշեց, որ այս պահին հստակ չէ նաև, թե այդ թեկնածուի օգտին ինչպես կքվեարկի «Ծառուկյան» խմբակցությունը․ «Այս պահին ոչ կոռեկտ է այդ հարցին պատասխանելը, քանի որ դեռ տեղյակ չենք՝ ինչ անելիքներով է նա փորձելու դառնալ նախագահ»:
 
Անդրադառնալով նախագահից իրենց սպասելիքներին՝ Պետրոսյանը հավելեց․ «Մեր պահանջները երկրի նախագահից այլ են և նման չեն այն պահանջներին, որ ունենք երկրի վարչապետից։ Մենք, օրինակ, կողմ ենք այնպիսի վարչապետի, ով հաշվի կառնի նաև մեր խմբակցության առաջարկությունները, բայց բնական է՝ այս նույն պահանջը չի գործում նախագահի պարագայում»։