Մայիսի 14-ին կկայանան Երևանի ավագանու ընտրությունները, որին մասնակցում են երեք ուժեր՝ գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանը, ԵԼՔ դաշինքից՝ Նիկոլ Փաշինյանը, «Երկիր Ծիրանի»-ից՝ Զարուհի Փոստանջյանը: Արդեն երկու օր է, ինչ սկսվել է նախընտրական քարոզարշավը և յուրաքանչյուր ուժ՝ իր որդեգրած ձևաչափով, փորձում է համոզել երևանցիներին՝ վստահության քվեն հենց իրեն տալ։

 

Ինչպիսի՞ն էր նախընտրական քարոզարշավի մեկնարկը, ո՞ր ուժն ավելի լավ մեկնարկ տվեց. այս և այլ հարցերի շուրջ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հետ:

 

Ադիբեկյանը նշեց՝ քարոզարշավի լավ մեկնարկ տալը դեռ ոչինչ չի նշանակում և չի նշանակում՝ հավաքել են մի մեծ մարզահամերգային համալիր: «Եթե նայենք, թե ինչպես է գնում գործընթացը, արդեն երևում են մասնակիցների կարողությունները: «Երկիր Ծիրանի»-ն մի երկու տասնյակ մարդկանց շրջանակներում կարդում է իր դրույթները: Եթե Երևանում խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 500 հազար մարդ, մենք նախատեսում ենք՝ ավագանու ընտրություններին կմասնակցի 400-450 հազարը, հիմա պատկերացրեք Զարուհի Փոստանջյանի վիճակը, որ չկարողանա գոնե դրանց 100 հազարին իր ծրագրային դրույթները ներկայացնել: Նա ոչ թերթ, ոչ հեռուստաընկերություն ունի, դրա համար լուրջ խնդրի առջև է կանգնած»,- ասաց սոցիոլոգը:

 

Ահարոն Ադիբեկյանի խոսքով՝ ԵԼՔ-ը իր հին մեթոդով հանդես կգա՝ քաղաքով շրջելով կներկայացնի իր կարգախոսը, որ «Երևանն էլ իբրև թե ելք ունի, թե որտեղից՝ ուր, դեռ պարզ չէ: Կարողությունների առումով, իհարկե, «Հանրապետական» կուսակցությունն ավելի գերհզոր է, քան մյուս երկու մասնակիցները»,- ընդգծեց Ադիբեկյանը:

 

Հարցին՝ ինչպիսին է երևանցիների տրամադրվածությունը, Ադիբեկյանը շեշտեց՝ երևանցիները չեն խորանում դրույթների մեջ, նրանք հիմնականում կողմնորոշվում են դեմքերով՝ ով է ասում և ասողը ունա՞կ է ասածը կատարելու, թե՞ ոչ: «Այս առումով՝ ավելի հիմնավոր է երևում Տարոն Մարգարյանը: Նա քաղաքական գործիչ է և գործադիր իշխանության դեմքերի շարքում նախագահից ու վարչապետից հետո ինքն է:

 

Փաշինյանն էլ իր քաղաքական քաշով երեք անգամ գերազանցում է Զարուհի Փոստանջյանին»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը, եզրափակելով, որ երևի ձայներն էլ այսպես կբաշխվեն. մեծամասնությունը կմնա Հանրապետականին, Փաշինյանի ԵԼՔ-ը կարող է որոշակի դիրք ունենալ, իսկ Փոստանջյանը պարզ չէ 5% կանցնի, թե՝ ոչ: