Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի համոզմամբ՝ Հայաստանի համար ստեղծված քաղաքական իրադրությունն ու տարածաշրջանային զարգացումները փաստում են մեկ բան, որ այս պահին ճիշտ է երկրի կառավարման ղեկը վստահել Սերժ Սարգսյանին. «Իրականացված սոցհարցման տվյալներով՝ Սերժ Սարգսյանն արտաքին քաղաքականության մեջ ունի 60 %, տնտեսական քաղաքականության մեջ՝ 35%, Կարեն Կարապետյանը տնտեսական քաղաքականության մեջ հավաքել է 45%, իսկ արտաքինում՝ 10 %: Որպես առաջնորդ՝ Գագիկ Ծառուկյանն էլ հավաքել է տնտեսական բլոկի համար 25 %, արտաքին քաղաքականության համար էլ 10%: Ի մի բերելով սոցհարցման արդյունքները, պարզ է դառնում, որ Սերժ Սարգսյանն ունի 95% հզորություն»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ իրականացրած սոցհարցման արդյունքներն ամփոփեց երկրի գլխավոր սոցիոլոգը:

 

Վերջինս նշեց, որ քանի որ հիմա մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը ենթարկվում է ամենատարբեր ճնշումների, ռուբլու վրա են հարձակվում՝ ամենամեծ հարվածը փորձելով հասցնել, իսկ Եվրոպան էլ մյուս կողմից՝ փորձում է ազատվել ռուսական գազից և նավթից, ուստի ճիշտ է, որ այս պահին երկիրը ղեկավարի Սերժ Սարգսյանը. «Ռուսաստանին ուզում են այս քայելերով իր տեղը ցույց տալ աշխարհում, ինչն ուղիղ կապ ունի մեզ հետ: Դրա համար մեզ պետք է նախագահ, որը կարողանա փորձառություն և ճկունություն ունենալ և այնպես անել, որ  Հայաստանը չսուզվի քաղաքական օվկիանոսում»,-ասաց նա՝ տեսակետ հայտնելով որ չի բացառվում, որ եթե այս կոլապսից դուրս գանք, Հայաստանը կղեկավարի այլ վարչապետ: Իսկ այս շրջանից որ դուրս գանք՝ կարող ենք նշանակել այլ վարչապետ: 

ԼՈւՐԵՐ.com-ը սոցիոլոգից հետաքրքրվեց՝ արդյո՞ք Սերժ Սարգսյանի գլխավոր բացթողումը չէ, որ նա այս տարիների ընթացքում այդպես էլ չկարողացավ կերտել այնպիսի մի լիդերի, ում հանգիստ խղճով այժմ կվստահեր Հայաստանը և կպահպաներ իր խոսոտումը՝ երկու անգամից ավել չկառավարելով, Ադիբեկյանը պատասխանեց. «Նախագահ չեն ծնվում, բուհ չկա որ նախագահ կրթի, նախագահ կերտող ինստիտուտ է պետք ստեղծել, որը մենք չունենք, հիմա հույսներս դրել ենք պատահականության վրա և, օրինակ, հույս ունենք, որ Վիգեն Սարգսյանը կկարողանա դառնալ Պաշտպանության լավ նախարար, թեպետ երբեք որևէ զինվորականի չի ղեկավարել»: 

ԼՈւՐԵՐ.com-ի ճշտող հարցին՝ ի՞նչ կլինի, եթե Կարեն Կարապետյանը որոշի հեռանալ՝ փոշիացնելով այն քաղաքացիների քվեն, ովքեր իրեն վստահելով՝ ձայն տվեցին Հանրապետականին, սոցիոլոգը պատասխանեց. «Էն դիրքավորումը, որ ընդունել է, ինձ թույլ է տալիս մտածել, որ չի նեղանա, կմնա, եթե նա հայրենասեր է, պետք է մնա»: