«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ եթե նույնիսկ ընդդիմադիր չորս ուժերը միանան, ապա մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին չեն կարողանա հաղթանակ ապահովել, որովհետև ավագանու ընտրություններին մարդիկ այնքան էլ չեն հենվում կուսակցական պատկանելության վրա:
Ա. Ադիբեկյանի գնահատմամբ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի 37 տոկոս ձայների միայն 7-8 տոկոսն է իրենը, իսկ «Բարգավաճ Հայաստանը» ինչ տեսքով էլ մասնակցի՝ ակնհայտ է, որ ավելի թուլացած դիրքերում է լինելու. «ՀԱԿ-ի հարցն է խնդրահարույց: Ավագանու նախորդ ընտրությունների ժամանակ միավորումներ կային, իսկ հիմա դրանք դուրս են եկել ՀԱԿ-ի կազմից՝ մնացել է հին ՀՀՇ-ն՝ նոր անվան տակ, այդ պատճառով, կարծում եմ, հազիվ թե կարողանան կրկնել ավագանու նախորդ ընտրությունների 17 տոկոս ցուցանիշը»,- ասաց նա:
Սոցիոլոգի գնահատմամբ՝ քաղաքապետը չի ընտրվի կոնկրետ իր կուսակցական պատկանելության համար: Նա նաև նշեց, որ շատ կարևոր դեր է ունենալու քարոզարշավը. «Օրինակ՝ ԲՀԿ-ն այն ժամանակ քարոզարշավը սխալ կազմակերպեց, այդ պատճառով էլ Քուշկյանը պարտվեց»:
Ահարոն Ադիբեկյանը նկատեց, որ եթե «Ժառանգության» կամ 4 կուսակցությունների միասնական ցուցակը գլխավորի Րաֆֆի Հովհաննիսյանը, ապա նա միանշանակ կունենա վարկանիշի անկում. «Նա լավագույն դեպքում կլինի երրորդը կամ չորրորդը, կարող է որպես նախագահ ավելի բարձր հորիզոնական զբաղեցնի, բայց քաղաքապետն այլ բան է»: