«Առաջիկա ընտրություններին կմասնակցեն ընտրողների 59 տոկոսը, որոնցից 44 տոկոսն ունի ձևավորված կարծիք, իսկ 15 տոկոսն ընդհանրապես կարծիք չունի»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական ընկերության ղեկավար Ահարոն Ադիբեկյանը:
Նրա կարծիքով՝ Երևանի ավագանու ընտրությանը ՀՀԿ-ի հաղթանակը կլինի լիակատար այն դեպքում, եթե գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը շարունակի մեղմ քարոզարշավը:
«Ներկայիս հնարավորություններով ավագանի հաստատ անցնելու են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, «Բարև Երևան»-ը և ՕԵԿ-ը: Անհավանական է, որ 6 տոկոսի շեմը կհաղթահարի Դաշնակցությունը, իսկ ՀԱԿ-ի հավանականությունը շատ քիչ է, նա կորցրել է իր երբեմնի արմատական էլեկտորատը»,- ընդգծեց Ահարոն Ադիբեկյանը:
Նա նշեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը գործող քաղաքապետից հետ է մնում կրկնակի անգամ, եթե ոչ ավելի, իսկ այս փուլում դա հաղթահարելը անհնար է:
«Ի՞նչը կարող է փոխել այն քաղաքացիների կարծիքը, ովքեր տատանվում են մասնակցել ընտրություններին: Պարզվում է, որ նրանց 12 տոկոսը պատասխանել են՝ խոստումների կատարումը, 7,9 տոկոսը՝ որոշ հարցերի լուծումը, ի դեպ՝ այս տոկոսի մեջ են մտնում այն մարդիկ, ովքեր նյութական խնդիրներ ունեն, իսկ ընտրողների 1,5 տոկոսը նրանք են, ովքեր գումարի դիմաց կարող են իրենց ձայնը տալ»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը: