Երևանի ավագանու ընտրություններում պարզ կդառնա, թե իրականում ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախագահական ընտրություններում հավաքած մոտ 38% ձայներից որքանն է «Ժառանգությանը»: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Գնահատելով ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների համամասնական ցուցակների առաջին համարների հաղթելու իրական հնարավորությունը, սոցիոլոգը նշեց, որ քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու մեծ հնարավորություն ունի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով ղեկավարում է ՀՀԿ համամասնական ցուցակը:
«Տարոն Մարգարյանի վարկանիշը բարձր էր դեռևս Ավանի թաղապետ եղած տարիներից: ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Վարդան Օսկանյանի առաջադրումը անհաջող քայլ էր ԲՀԿ-ի կողմից, թեև նրանից հետո ցուցակում գալիս է Գուրգեն Արսենյանը, որը գուցե մի բան ծածկի: ԲՀԿ-ն թեկուզ կարող էր Ծառուկյանին առաջադրել, որովհետև այդ կուսակցությունը միշտ քարոզում է սոցիալական արդարություն, աշխատանքի ապահովվածություն, իսկ Երևանին հենց այդպիսի քաղաքապետ է պետք»,- ասաց նա:
Նա ցածր գնահատեց «Ժառանգության», ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի քաղաքապետի թեկնածուների հնարավորությունները:
««Ժառանգության» Արմեն Մարտիրոսյանը Երևանում ճանաչված չէ, նա այն լոկոմոտիվը չէ, որը կարող էր ցուցակ գլխավորել: Ընդհանրապես «Ժառանգության» վարկանիշը բարձրացնում է Րաֆֆի Հովհաննիսյանը: Եթե վերջինս չորրորդ ընտրված նախագահի կերպար չընդուներ, կարող էր առաջադրվել քաղաքապետի համար ու մեծ հնարավորություն կունենար հաղթելու: ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանին ինչ-որ մի զանգված կհիշի, որ ժամանակին եղել է քաղաքապետ: Վատ քաղաքապետ չէր, բայց չթողեցին իրեն դրսևորի: Իսկ ՀՅԴ անդամներին մարդիկ չեն ընկալում որպես քաղաքապետ: Արմեն Ռուստամյանը, եթե նման միտք ուներ, պետք է նախապատրաստական աշխատանքներ իրականացներ»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը։
Իսկ ՕԵԿ-ի համամասնական ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող ԱԻ նախարար Արմեն Երիցյանին, Ահարոն Ադիբեկյանը կցանկանար տեսնել քաղաքապետարանում՝ որպես արտակարգ իրավիճակների գծով մասնագետ:
Անդրադառնալով «Առաքելություն» դաշինքին, Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ թեև նրանք հանրությանը ծանոթ չեն, բայց պետք է սպասել, գուցե նոր հետաքրքիր դեմքեր ի հայ գան:
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի