Առաջիկա նախագահական ընտրություններին հաստատ մասնակցելու որոշում կայացրած 58% ընտրողների 41%-ն արդեն որոշել է, թե ում է ընտրելու։ Վերոնշյալ ընտրազանգվածի 72%-ը ձայնը կտա Սերժ Սարգսյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին' 20%-ը, Հրանտ Բագրատյանն և Պարույր Հայրիկյանը 3,5-ական տոկոս ձայն կհավաքեն, եթե ընտրությունները անցկացվեն այս կիրակի:
Այդ են վկայում «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի հարցման արդյունքները, որն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հրապարակեց կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:
Հարցումն անցկացվել է 2013 թվականի հունվարի 18-19-ին՝ 1 650 չափահաս բնակիչների միջև։ Բանախոսը նշեց, որ հարցման առաջարկ է արվել 2 320 մարդու, սակայն նրանցից մոտ 670-ը (29%-ը) հրաժարվել է' քաղաքականությամբ չհետաքրքրվելու պատճառով:
Ինչպես հայտնեց Ահարոն Ադիբեկյանը՝ օրենքի համաձայն իրենց է դիմել Հանրապետական կուսակցության գլխավոր շտաբը՝ պարզելու, թե քանի տոկոսն է պատրաստվում մասնակցել ընտրություններին, թեև, ինչպես սոցիոլոգն ասաց, «նրանք վստահ են իրենց հաղթանակի մեջ»:
«Գրանցված թեկնածուների ճանաչվածության մակարդակն այսպիսինն է. Սերժ Սարգսյան' 89%, Րաֆֆի Հովհաննիսյան'63%, Պարույր Հայրիկյան' 50%, Հրանտ Բագրատյան' 37%, Արամ Հարությունյան' 10%, Վարդան Սեդրակյան' 8%, Արման Մելիքյան'8,5%, Անդրիաս Ղուկասյան' 4,0%: Մյուս թեկնածուները, որոնք հայտարարում են, որ կընտրվեն' ունենալով այսքան տոկոս, պարզ չէ, թե ինչպես են հաղթելու»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը:
Ըստ հարցման արդյունքների' վերջին 1,5 ամսվա ընթացքում ընտրողների հետաքրքրության մակարդակն աճել է 11%-ով: Հետաքրքրության մակարդակը 2012 թվականի դեկտեմբերի դրությամբ եղել է 60 %, իսկ 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ 71, 0%:
«Բնակչության նախընտրական ակտիվությունը ընտրությունների նկատմամբ հետևյալն է. ընտրություններին հետևում են ընտրողների 58,5%-ը կամ հարցվածների 82,2%-ը, իսկ ընտրություններով չեն հետաքրքրվում չափահաս բնակչության 29,0%-ը կամ հարցվածների 17,7%-ը»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը:
Ըստ Ահարոն Ադիբեկյանի' տեսականորեն պահպանվում է երկրորդ փուլ անցկացնելու հնարավորությունը, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը կարողանա ձայների «պատառիկ պոկել»: «Այսօրվա վիճակում նախագահի հաղթանակը կանխատեսելի է»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը: