Aravot.am «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանի մեկնաբանությամբ՝ Հայաստանում կա աշխատանքի ցածր վարձատրություն, չպաշտպանվածություն, դրսում ավելի լավ աշխատանքի հեռանկար եւ հայ երիտասարդների զգալի մասը հեռանում է երկրից: Նա այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ անկախ նրանից, մասնագետ ես, թե ոչ, միեւնույն է՝ գործ չունես, իսկ ունենալու դեպքում վարձատրությունը շատ ցածր է:
«Երիտասարդը սկսում է կրթություն ստանալ, որպեսզի հետագայում կարողանա աշխատանք գտնել եւ ընտանիք կազմել, սակայն ուսումն ավարտելուց հետո, մնում է առանց աշխատանքի, ընտանիք չի կազմում, հետեւաբար ընկնում է ինքնագնահատականը եւ այս պարագայում, որպես այլընտրանքային տարբերակ, գործում է արտերկրում աշխատելը»,-ասաց Ադիբեկյանը' նշելով, որ կրթված երիտասարդներն այս դեպքում իրենց ուղեղն օգտագործում են դրսում' ստանալով պատշաճ աշխատավարձ, սակայն արտագաղթող երիտասարդների գերակշիռ մասը շարունակում են կազմել կրթություն չստացած անհատները, ովքեր դրսում ունենալով լավ աշխատանք իրենց հարազատ, բարեկամ, ընկերներին կանչում են իրենց մոտ: Բանախոսն անցում կատարելով Ասոցացման պայմանագրին ասաց, որ միայն առեւտրի կամ սպասարկման ոլորտում մի փոքր աճ կա, սակայն այստեղ էլ ձեւավորվել է մի փոքր էլիտա, որը կապ ունի միջազգային կառույցների հետ, բայց դա էլ շատ փոքր է:
Նրա դիտարկմամբ՝ Հայաստանն առաջընթաց կունենար, եթե ԵՄ-ի հետ ստորագրեր Ասոցացման պայմանագիրը, սակայն Հայաստանը ընտրեց Մաքսային միությունը. «Եթե մտնենք Մաքսային միություն, կապը կկորցնենք Եվրոպայի հետ, Եվրոպան չի խմի մեր կոնյակը, չի ուտի մեր ծիրանը, որովհետեւ ինքն ունի իր պաշարը: Եթե մենք մտնենք Մաքսային միություն, չենք ունենա աճ, որովհետեւ Բելառուսը, Ղազախստանը զարգացած երկրներ չեն»,- ասաց բանախոսը հավելելով, որ Ասոցացման պայմանագրի ստորագրումը լինելու է հաջորդ տարի եւ չի բացառվում, որ նախագահի որոշումը փոփոխման ենթարկվի. «Սերժ Սարգսյանի ընտրությունը 100%-ոց չի, քանի որ Հանրապետական կուսակցության շարքերում քիչ չեն եվրոպամետ անհատները, ովքեր իրենց բիզնեսով կապված են Եվրոպայի հետ»,-ընդգծեց նա' ներկայացնելով սոցիոլոգիական թվեր, ըստ որոնց բնակչության 40-45 տոկոսը ռուսամետ է, 20-25 տոկոսը՝ եվրոպամետ, երրորդ տեղում Իրանն է, չորրորդում՝ ԱՄՆ-ը:
Հեղինակ` Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ