Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը վստահ է, որ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը ապրիլին 9-ին կայանալու է, և այդ դեպքում հարց է առաջանում. ի՞նչ է անելու Րաֆֆի Հովհաննիսյանը, ով հայտարարել է, որ միայն իր դիակի վրայով կկայանա երդմնակալությունը, և «ինչպե՞ս է նա պատրաստվում դիակ դառնալ, որ նախագահը վրայով անցնի»։
Վերջինիս կարծիքով՝ հացադուլի է դիմում այն մարդը, ով այլ տարբերակ չունի և ստիպված դիմում է այդ քայլին։
«Ես չեմ կարծում, որ դա արդյունք կունենա։ Եթե իրոք Րաֆֆին մեծամասնության ձայները հավաքել է, մեծամասնությունը պետք է ոտքի կանգնի և պաշտպանի իր ձայնը, իսկ եթե դուրս չի գալիս, ուրեմն դա բլեֆ է, իսկ Րաֆֆին քաղաքական պոկերիստ է»,- այսօր կայացած ասուլիսին ասաց նա՝ նշելով, որ հայերը կտրուկ գործողությունների հակում չունեն։
Վերջինիս խոսքով՝ ժողովրդի անունից իրավունք ունի խոսելու միայն երկրի նախագահը, իսկ եթե մեկն իրեն այդ իրավունքն է վերապահում, ուրեմն դեմագոգ է, և դա մոլորության մեջ է դնում հանրությանը։ «Րաֆֆին կարող է խոսել միայն իր և իրեն ձայն տվողների անունից»,- նշեց նա։
Սոցիոլոգը ներկայացրեց նաև 2002-2003 թթ.-ին իրենց կողմից անցկացված հարցման արդյունքները, որոնք վերաբերում են հասարակության ընկալմամբ քաղաքական պայքարի եղանակներին ու միջոցներին։ Անցկացված հարցման համաձայն՝ այն ժամանակ քաղաքացիների 30%-ը պետական պաշտոնյաների գործողությունների վրա ազդելու եղանակը համարել է խաղաղ ցույցը, 20,5%-ը նախընտրել է բողոքի հանրային արշավը՝ գործադուլ, քաղաքացիական անհնազանդություն, անցկացնելու տարբերակը։ Հարցվածների մեծամասնությունն էլ նշել է, որ նման տարբերակ չկա։
Ադիբեկյանի կարծիքով՝ բոլոր դեպքում երկիրը լուրջ մարտահրավերների դեմ է կանգնած, և միջազգային ատյաններում մեր նախագահը պետք է լինի ամուր, իսկ այդ առումով 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից շատ բան կա սովորելու. «Նա բազե էր և բազե էլ մնում է»։