Նախագահի թեկնածու Արման Մելիքյանը չի սպասում Պարույր Հայրիկյանի որոշմանը, բայց անկախ ընտրությունները հետաձգել-չհետաձգելու նրա որոշումից՝ իր մարտավարությունը չի փոխվի: «Մենք նախատեսել ենք ցանկացած անակնկալ, և մեր մարտավարությունը բոլոր տարբերակները ենթադրում է»,- «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման եթերում ասել է Արման Մելիքյանը: Նախագահի թեկնածուն Հայրիկյանի դեմ մահափորձից ամենատուժողը համարում է հանրությանը, որը, ըստ նրա, չի կարողանում կողմնորոշվել, թե ինչ է կատարվում մեր իշխող վերնախավում, հուսալքված է և հույս չի կապում ղեկավարության հետ. «Կրակոցը խորացրեց այս ֆարսը»:
Արման Մելիքյանի խոսքերով՝ դեպքը բացասաբար ազդեց ընտրության վրա, մահափորձից հետո հարցերը շատանում են, անորոշությունը խորանում է, և դա ավելացնում է զավեշտի ֆարսը: Նրան մտահոգում է այն, որ դեպքին առնչվող որևէ բան չլսվեց. «Նախագահի թեկնածուի վրա մահափորձ եղավ, կան այլ թեկնածուներ: Ես չլսեցի՝ Սերժ Սարգսյանը արդյո՞ք մեծացրել է հսկողությունը: Ինձ բան չեն ասել, թե ինչ են անելու դեպքից հետո: Թիկնապահները չպետք է որոշեն Ազգային անվտանգության սպառնալիքների մակարդակը: Պետք է թեկնածուներին ասել, թե ինչու են ուզում անվտանգություն ապահովել, ոչ թե մեզ հարցեն՝ ուզո՞ւմ ես, թե՝ ոչ: Պատասխանատվությունն իրենցն է, և իրենք պետք է որոշեն»:
Արման Մելիքյանն ասել է, թե ամենալավ ընտրությունների գաղափարն ի սկզբանե անիրագործելի էր, ուստի ինքը տնտեսական, սոցիալական, քաղաքական մասով դադարեցրեց իր քարոզարշավը: Իսկ գլխավոր խնդիրը, ըստ թեկնածուի, ընտրացուցակների ուռճացված լինելն է: «Ամենակարևոր քայլն այն է, որ ես հրաժարվել եմ ստերից: Թեկնածուները շատ լավ հասկանում են, որ երաշխիքներ չկան իրենց ընտրվելու, և կան երաշխիքներ, որ իշխանությունը կվերահաստատվի»,- ասել է Արման Մելիքյանն ու հավելել, որ Հայաստանից հեռացած, բայց ընտրացուցակներում առկա քաղաքացիների ցանկն ըստ անունների ուզելու՝ նախագահի երեք թեկնածուների պահանջը խնդիրը տանում է փակուղի և անիրագործելի է: Իսկ եթե կատարվի իր պահանջը՝ ըստ թվային պատկերի այդ ցուցակները տրամադրելու վերաբերյալ, իր ընտրվելու հնարավորությունը կմեծանա, իսկ ինքը դառնալով նախագահ՝ կվերացնի կոռուպցիան և կաշառակերությունը:
Արմեն Մելիքյանի խոսքերով՝ կա թեկնածուների մի խումբ, որն իր քայլերով լեգիտմիացնում է ընտրությունն ու իշխանությունը, կա մեկ այլ խումբ, որը ծայրահեղական քայլերով՝ համագործակցության եզրեր չի թողնում: Այնինչ, խնդիրը պետք է լուծվի հենց համագործակցությամբ:
Արման Մելիքյանն ասել է, որ չի հավատում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի ներկայացրած հարցումներին, որոնցում ինքը ցածր վարկանիշ ունի: Հարցին էլ, թե ինչու ոչ մի թեկնածու Ադիբեկյանին չի սիրում, պատասխանել է. «Դառը կորիզ է»: