«Պարոն Տեր-Պետրոսյանը խոսեց մեր երկրի ու ժողովրդի համար բացարձակ առաջնային կարևորություն ունեցող խնդրի մասին և այն բոլոր քաղաքական ուժերը, որոնք այժմ ձգտում են ստանձնել ՀՀ կառավարման ղեկը, սակայն հստակ պատկերացում չունեն այն մասին, թե ինչպես են գործելու այս խնդիրը մեր արմատական շահերի ծիրում լուծելու համար, առանց վարանելու կարող եմ արկածախնդիր ու անպատասխանատու որակել», - խոսելով Առաջին նախագահի՝ Հանրային և Կենտրոն հեռուստաընկերությունների եթերով հարցազրույցների մասին այսպես արտահայտվեց դիվանագետ, ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը:

 

Անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի՝ «Ղարաբաղի վերահսկողության տակ գտնվող տարածքներ» արտահայտությանը, Մելիքյանը նշեց, որ Առաջին նախագահի խոսքն անկեղծ էր և չէր հակասում տարիներ շարունակ դավանած իր սկզբունքներին. «Նա խոսեց բաց, փոքր-ինչ դառնացած և ակնհայտորեն հուզվում էր, ինչը նրան սովորաբար բնորոշ չէ: Սա ասում եմ, որպեսզի հասկանալի լինի, թե ինչու եմ գտնում, որ նա իր համոզմունքներն էր լսարանի դատին ներկայացնում և ոչ թե միտումնավոր կերպով ինչ-որ բարդ քաղաքական խաղ պարտադրում: Նա համարում է, որ տարածքները պետք է տրվեն Ադրբեջանին և դա է Հայաստանի փրկության և խաղաղության համար վճարելիք արդարացի գինը: Բայց նրա մոտեցումները միշտ են հայտնի եղել ու ամենևին էլ դրանք չեն խնդիրը: Խնդիրն այն է, որ ընտրապայքարի մեջ մտած կուսակցություններից և ոչ մեկն առանց «տարածք կարգավիճակի կամ խաղաղության դիմաց» բանաձևի կիրառման՝ խնդրի լուծման իրական ծրագիր չունի և չի էլ ուզում կամ փորձում ունենալ: Այս իմաստով իշխող «Հանրապետական» կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն իրոք կարող է վստահաբար ակնկալել ՀՀ առաջին նախագահի սկզբունքային ու հաստատակամ աջակցությունը»,- ասաց նա, ևս մեկ անգամ ընդգծելով, որ համաձայն չէ վերջինիս մոտեցումներին, իսկ նրա կողմից բերվող փաստարկներն էլ ակնհայտորեն խոցելի է համարում:

 

«Պարոն Տեր-Պետրոսյանը վերջին շրջանում հաճախ է բերում Իսրայելի օրինակը և պատմում այն մասին, որ Քեմփ-Դևիդի համաձայնությունների արդյունքում Եգիպտոսին վերադարձվեց Սինայի թերակղզին: Չի ասվում, որ թերակղզին Եգիպտոսին հանձնելու շնորհիվ Իսրայելը ոչ թե հավերժ խաղաղության հիմքերը դրեց, այլ քանդեց արաբական պետությունների միասնությունը և այդ միջոցով էապես բարձրացրեց սեփական անվտանգության մակարդակն ու նաև նախապատրաստեց այդ անվտանգության երաշխիքների հետագա ամրապնդման արդեն երկրորդ փուլը՝ «Արաբական գարուն» կոչված գործողությունը կյանքի կոչելու միջոցով: Սինայի անապատ թերակղզին իսրայելական օկուպացիայի տակ պահելը մի կողմից չափից դուրս ծախսատար կլիներ, իսկ մյուս կողմից՝ նաև կմնար ռազմական սպառնալիք գոյավորող լուրջ գործոն: Դրա փոխարեն՝ Իսրայելը յուրացրեց Սիրիային պատկանող Գոլանի բարձրունքները և դրանք այսօր հռչակված են հրեական պետության տարածք:


Իսրայելը մի կողմից մշտապես բանակցություններ է վարել իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման թեմայի շուրջ, իսկ մյուս կողմից՝ ջանք չի խնայել իր հանդեպ խիստ թշնաբար վերաբերվող շրջակա արաբական միջավայրի վրա ներազդելու՝ այն պառակտելու, թուլացնելու և առկա ռազմական ներուժը ոչնչացնելու համար: Դրա շնորհիվ է, որ այսօր կործանված են Իրաքը, Լիբիան, ծնկի է իջել Եգիպտոսը, իսկ Սիրիան կանգնած է տրոհման եզրին: Ավելին՝ պաղեստինցիների խնդրի լուծման նոր տարբերակ է դրված շրջանառության մեջ, ըստ որի՝ Սաուդյան Արաբիան և Պարսից ծոցի պետությունները կարող են ֆինանսավորել պաղեստինցիների վերաբնակեցումն այլ արաբական պետությունների տարածքում ու, այդպիսով, վերջնականապես փակել արաբա-իսրայելական սուր ու անհաղթահարելի թվացող հակասությունների թեման»,- մանրամասնեց Արման Մելիքյանը՝ նշելով, որ թեև ամենևին էլ Իսրայել չենք ու քաղաքական մտածողության կայացման մակարդակով շատ հետ ենք շատերից, այդուհանդերձ, արդյունավետ գործելու հնարավորությունները դեռ պահպանում ենք, միայն թե՝ անհրաժեշտ է հստակ տարբերակել քաղաքականություն վարելու համար պիտանի որակներն ու դրա նպատակների ընտրության սկզբունքները՝ պատմաբանասիրական կարգի վերլուծություններից:

 

Լևոն Տեր-Պետրոսյանն իր խոսքում շեշտեց, որ Արցախի ժողովուրդը պետք է շնորհակալ լինի Ադրբեջանին այն ամենի համար, ինչ ունի՝ Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքն անվանելով հրաշք: Անդրադառնալով այդ հարցի առնչությամբ ՀՀ առաջին նախագահի կողմից արված «զգացմունքային, անգամ հուզական մեկնաբանություններին», մեր զրուցակցը նշեց՝ դրա համար նրան պախարակելու որևէ պատճառ չի տեսնում: Նա խոսքով՝ թեև պարոն Տեր-Պետրոսյանի տեսակետները չի կիսում, սակայն նրան համարում է սկզբունքային քաղաքական գործիչ, որի «հա»-ն հա է, «չէ»-ն էլ՝ չէ, մինչդեռ մեր քաղաքական դաշտը հեղեղված է անսկզբունք ու անգաղափար դոնդող պատեհապաշտներով, ում խոսքը սուտ է, իսկ գործն՝ ազգակործան:

 

Հարցին՝ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր հարցազրույցում արցախյան հակամարտւթյան կարգավորման համար պատասխանատու մարմին համարեց միջազգային կազմակերպություններին՝ մասնավորապես ԵԱՀԿ ՄԽ-ին: Արդյո՞ք ճիշտ է Հայաստանի և Արցախի անվտանգության հարցը վստահել բացառապես ԵԱՀԿ ՄԽ-ին, Արման Մելիքյանը պատասխանեց.

 

«Մինսկի խումբը միջազգային միջնորդական առաքելություն իրականացնող մարմին է, որը հանդես է գալիս հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ առաջարկներով: Այդ խմբի ներկայացուցիչները բազմիցս են հայտարարել, որ կողմերն իրենք պետք է կարողանան քաղաքական կամք դրսևորել և հաշտեցման համար ընդհանուր եզրեր գտնել: Ես հասկանում եմ պարոն Տեր-Պետրոսյանի ձգտումը հարցն այնպես ներկայացնել, որ, իբր, պաշտոնական Երևանի կամ Ստեփանակերտի կամքից կախված չէ հանգուցալուծումը՝ այն աշխարհի հզորների որոշելիք բանն է, սակայն իր այդ տեսակետը չեմ կիսում և այդ անհամաձայնությանս համար հիմք են ծառայում նաև համանախագահների՝ այս թեմային նվիրված մեկնաբանությունները»:


Սոնա Հարությունյան