ԼՈՒՐԵՐ.com-ի զրուցակիցն է քաղաքական գործիչ, դիվանագետ, ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը:
-Պարոն Մելիքյան, ըստ Ձեզ, ի՞նչ է ակնարկում կամ ի՞նչ մեսիջ է ուղղում հակամարտող կողմերին՝ Երևանին ու Բաքվին, ԱՄՆ նոր պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը՝ հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը «սպառնալիք է տարածաշրջանում կայունությանը և ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերին»:
-ԱՄՆ նոր վարչակազմը դեռ որոշ ժամանակ պետք է ծախսի սեփական արտաքին քաղաքական մոտեցումները մշակելու, ձևակերպելու և դրանց կենսագործման ուղիները ուրվագծելու համար և, գուցե միառժամանակ, ստիպված է լինելու սահմանափակել իր դիվանագիտական ու ռազմա-քաղաքական ակտիվությունը: Հարավային Կովկասում այդ հարաբերական դադարից կարող են օգտվել առավել ազդեցիկ տարածաշրջանային ուժերը՝ տեղում սեփական դիրքերն ամրապնդելու կամ բարելավելու նպատակ ունեցող ակտիվ գործողություններ նախաձեռնելով: Կարծում եմ, որ իր հայտարարությամբ պարոն Թիլերսոնը փորձում է հետ պահել շահագրգիռ դերակատարներին՝ տարածաշրջանում առկա ուժերի հարաբերական հավասարակշռության խախտմանն ուղղված քայլերից և մատնանշում է, որ պաշտոնական Վաշինգտոնն այս տարածաշրջանը կարևոր է համարում իր ազգային անվտանգության ապահովման առաջնահերթությունների համատեքստում:
-Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ հակառակ սպասումների՝ Թրամփի վարչակազմն այնքան էլ պասիվ դիրքորոշում չի որդեգրի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:
-Այն կարծիքին եմ, որ նախագահ Թրամփը էապես կվերանայի ոչ միայն ԱՄՆ վարչակազմի կողմից վարվող արտաքին քաղաքականության բովանդակությունն, այլև դրա կենսագործման մարտավարությունը: Ինձ թվում է, որ այսուհետ Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունն ավելի շատ կկիրառի թիրախային գործելակերպը՝ այդ թվում կփորձի կոնկրետ լուծումներ տալ որոշ տարածաշրջանային հակամարտությունների, և արցախյան հիմնախնդիրը կարող է հայտնվել ամերիկյան այդօրինակ առաջնահերթությունների ցանկում:
-Արդյո՞ք բոլոր այն խոսակցությունները, թե Թրամփը մոռացության կմատնի Անդրկովկասը՝ արցախյան հարցը, անհիմն էին: Նման կարծիքներ էին հայտնում վերլուծաբանները:
-Ես չեմ կիսել երբևէ այդ տեսակետը: Կարծում եմ, որ ԱՄՆ նախագահը ունակ է համարժեքորեն գնահատել Հարավային Կովկասում ձևավորված ռազմա-քաղաքական իրավիճակը, որն իր երկրի շահերի համար պարունակում է ինչպես որոշակի սպառնալիքներ, այնպես էլ բավականին խոստումնալից հեռանկարներ: Այնպես որ, հավանաբար, պաշտոնական Վաշինգտոնը դժվար թե իրապես «մոռացության» մատնի մեր տարածաշրջանն ու, հատկապես, արցախա-ադրբեջանական հակամարտությունը:
-Արդյոք այս հայտարարութունը չի՞ գրգռի Բաքվին ու չի՞ ստիպի նրան հերթական արկածախնդրության դիմել՝ հակամարտությունը շուտափույթ կերպով լուծելու ակնկալիքով ու պատրվակով:
-Ինչպես ասացի՝ այդ հայտարարությունը նախազգուշական բնույթ ունի և միտված է նրան, որ կանխվեն ԱՄՆ շահերն անտեսող հավանական գործողություններն, անկախ այն բանից, թե ում կողմից կարող են դրանք նախաձեռնվել կամ հրահրվել: Այդուհանդերձ, հարաբերական այս անորոշության պայմաններում ադրբեջանական կողմի ռազմական սադրանքների հավանականությունն, ինչ խոսք, բավականին մեծ է:
-Ե՞րբ և ո՞ր պարագայում Անդրկովկասում կբախվեն Մոսկվայի և Վաշինգտոնի շահերը և արդյո՞ք այդ բախումը չի հրահրի լայնամասշտաբ պատերազմ:
-Իմ գնահատմամբ՝ այս պահի դրությամբ՝ ո՛չ ՌԴ, ո՛չ էլ ԱՄՆ քաղաքական ղեկավարությունը շահագրգռված չէ լայնամասշտաբ պատերազմական գործողությունների վերսկսմամբ: Այդ առումով՝ ապրիլյան քառօրյա ռազմագործողության մասշտաբները դժվար թե գերազանցվեն: Ճշտեմ միայն, որ լայնամասշտաբ պատերազմ ասելով, ես հասկանում եմ մի իրավիճակ, երբ հակամարտող կողմերը գործի կգցեն իրենց ողջ ռազմական ներուժն ու նաև համընդհանուր զորակոչ կհայտարարեն:
-Ու՞մ կարող է ձեռնտու լինել սահմանային իրավիճակի սրումը:
-Դա, բացառապես, Արցախը վերագրավելուն միտված՝ Ադրբեջանի կողմից վարվող ընդհանուր քաղաքականության կարևոր բաղադրյալն է, որը, սակայն, որոշակի պայմաններում կարող է դառնալ նաև թուրքական կամ ռուսական քաղաքականության համար կիրառելի և արդյունավետ գործիք:
-Ընդհանրապես, ի՞նչ կարելի է ակնկալել ԱՄՆ նոր վարչակազմից՝ արտաքին քաղաքականության հարցում, և, մասնավորապես՝ արցախյան հարցում:
-Կարծում եմ, որ վերջին մեկ-երկու տարվա ընթացքում բանակցային գործընթացում նկատվող ռուսական որոշակի նախաձեռնողականությունը կարող է չեզոքացվել, բայց այս հարցին ավելի հանգամանալի պատասխան, թերևս, հնարավոր կլինի տալ երկու-երեք ամսից միայն:
Հարցազրույցը՝ Քրիստինա Աղալարյանի