ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանը' լրատվամիջոցների հարցին.

Հարց. BBC-ադրբեջանական ծառայությունը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդում է, թե Ղարաբաղի իշխանությունները հակված են համաձայնել Աղդամի ճանապարհի բացմանը, և որ առաջիկա օրերին այս հարցով կողմերի միջև հանդիպում է կայանալու Բարդայում։ Արդյոք այս տեղեկությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը։

Պատասխան. Ցանկանում ենք հատուկ ընդգծել, որ արցախյան կողմը մշտապես հանդես է եկել խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման դիրքերից։ Միաժամանակ, նման բանակցությունները պետք է ընթանան կողմերի միջև համաձայնեցված միջազգային ձևաչափի շրջանակներում, ինչը թույլ կտա երաշխավորել, որ բանակցություններն ընթանում են միջազգային իրավունքի նորմերին ու պահանջներին համապատասխան։ Արցախյան կողմը բազմաթիվ անգամ միջնորդների միջոցով հանդես է եկել հանդիպումների մասին նախաձեռնություններով, ադրբեջանական կողմը սակայն մերժել է դրանք:

Հավելենք, որ ցանկացած հանդիպում Ադրբեջանի տարածքում, առավել ևս առանց միջազգային միջնորդների ներկայության, բավականին մեծ ռիսկեր է պարունակում' հատկապես հաշվի առնելով ԿԽՄԿ մանդատի ներքո գտնվող Վագիֆ Խաչատրյանի առևանգման փաստը, այն էլ ՌԴ խաղաղապահների ներկայությամբ։

Ինչ վերաբերում է Աղդամի ճանապարհին, ապա ԱՀ նախագահի մամուլի խոսնակն այսօր անդրադարձել է այդ թեմային։