Առճակատման ցանկացած «թեժ» փուլի սկիզբը չի նպաստում հայ-ադրբեջանական կարգավորմանը։ Այս մասին Известия-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

 

-Օրերս Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Ձեր կարծիքով, ինչպե՞ս դա կանդրադառնա այս երկու պետությունների միջև խաղաղության պայմանագրի քննարկման վրա։

— Ռուսական կողմը մշտապես կոչ է արել հայ-ադրբեջանական կարգավորման երկու մասնակիցներին էլ առավելագույն զսպվածություն ցուցաբերել շփման գծում։ Հայ-ադրբեջանական սահմանագոտում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ուզում եմ կրկնել, որ մենք երկու կողմերին կոչ ենք անում ցուցաբերել փոխադարձ զսպվածություն, որպեսզի միջադեպեր չառաջանան հատկապես կրակոցների, զոհերի և վիրավորների հետ կապված։ Նման միջադեպերը, իհարկե, չեն կարող նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու դրական մթնոլորտի ստեղծմանը։

— Այսինքն՝ սա ձգձգո՞ւմ է խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարը։

— Ես դեռ կխուսափեի հեռուն գնացող եզրակացություններից։ Ընդ որում, կողմերից մենք ստացել ենք միայն առաջին հայտարարություններն այս թեմայով, ուստի այս պահին կնախընտրեի զերծ մնալ կտրական գնահատականներից։ Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ առճակատման ցանկացած «թեժ» փուլի սկիզբը, իհարկե, չի նպաստում հարաբերությունների կարգավորման և խաղաղ գործընթացի խթանմանն ուղղված համատեղ քայլերի մթնոլորտին»,-ասել է Գալուզինը։