Nyut.am «Այն, ինչ ես ասում եմ, դուր չի գալիս Ղարաբաղ կոմիտեի անդամներին: Բայց նորից եմ ասում՝ կայսրությունը փլվում էր, գնացքը կանգնած էր, մեզ դուրս շպրտեցին այնտեղից: Թեպետ եղել է հանրաքվե, բայց մեկ է՝ ԽՍՀՄ-ը փլվում էր, և անկախություն, այսպես, թե այնպես ստանալու էինք»,-այսօր Անկախության գինը թեմայով հրավիրված ասուլիսին ասաց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:

 

Չնայած այս օրերին անկախության թեմայով հնչող ելույթները հիմնականում պաթետիկ են, որտեղ խոսվում է անկախության կարևորության մասին, Ահարոն Ադիբեկյանը ներկայացրեց անկախությանը մեր վճարած գինը: «Մեր արդյունաբերության 90%-ը եղել է միութենական ստորադասության, Միության փլուզումից դրանք դադարել են աշխատել: Մենք կորցրել ենք հազար գործարան, որից, որից 250-ը եղել է ռազմաարդյունաբերական: Նրանց մեջ եղել է 19 գիտաարտադրական միավորում, փակվել է 250 գիտահետազոտական ինստիտուտ, լուծարվել է 800 կոլխոզ և սովխոզ: Մենք միանգամից ունեցանք 800 000 գործազուրկ»: Բանախոսը կարծում է, որ մենք սխալ օգտագործեցինք մեզ տրված անկախությունը:

 

Նա գտնում է, որ միասնական տնտեսական համակարգ ունեցող Սովետական Միությունից դուրս գալուց պետք էր պահպանել Ռուսաստանի հետ տնտեսական լուրջ համագործակցությունը: «1990-ականների հարցումներով բնակչության կեսը դեմ է եղել ԽՍՀՄ-ից դուրս գալուն: Բելոռուսիան, Ուկրաինան, Ադրբեջանը, մեզանից քի՞չ էին ձգտել անկախության, ինչո՞ւ նրանք պահպանեցին Ռուսաստանի հետ սերտ կապերը, ինչո՞ւ միանգամից չվերացրեցին կոլխոզները, որովհետև գիտեին դրա գինը՝ քաոսի կվերածվեր երկիրը: Հիմար պետք է լինել, որ ատոմակայանն ու Նաիրիտը փակելով երկիրը տանել անկախության»,-ասաց բանախոսը: Անկախության բերած ամենամեծ վնասը Ահարոն Ադիբեկյանն արտագաղթն է համարում: «Մենք կորցրել ենք 2 մլն 300 հազ. բնակիչ:

 

Հայաստանն այսօր պետք է ունենար հինգ միլիոն բնակիչ: ՄԱԿ-ի ժողովրդավարական ցուցակում Հայաստանը գտնվում է կրճատվող երկրների ցուցակում»: Արձանագրելով, որ անկախության արդյունքում մենք ավելի շատ կորուստներ ենք ունեցել, քան ձեռքբերումներ, այնուամենայնիվ, Ահարոն Ադիբեկյանը խոսեց նաև անկախության դրական կողմերից: «80-ից ավել երկրների հետ մենք ունենք դիվանագիտական հարաբերություններ, որտեղ այսօր արդեն կարող ենք պաշտպանել մեր համայքների շահերը: Դա կարևոր հանգամանք է: Մենք ունենք հաղթանակած բանակ»: Բանախոսը հարց է բարձրացնում՝ կարո՞ղ ենք մենք մեր անկախությունը օգտագործել հայության պահպանման համար: «Անկախությունը կուսության նման բան է, կամ պիտի կարողանաս պատվով վաճառել, կամ՝ պատվով հանձնել: Եվրոպական շատ երկրներ զրկվել են սուվերենությունից՝ հանուն Եվրամիության շահերի:

 

Անկախ լինելը այդքան էլ կարևոր չի, կարևորը ազգի լավ ապագան է: Կարևոր է, որ մարդիկ լավ ապրեն իրենց երկրում, աղքատությունը կրճատվի, և երեխաները ստանան ազգային դաստիրակություն»,-ասաց Ահանրոն Ադիբեկյանը: Տոնի նախօրյակին սոցիոլոգն այսքան նսեմացրեց անկախության արժեքը, որ վերջում ասի. «Մաքսային միությանը մեր անդամակցելը այս 22 տարիներին արված ամենաճիշտ քայլն էր: Աշխարհում մեր չափերի երկիրը չի կարող անկախ ապրել: Մենք ռեսուրս և ինքնուրույն զարգանալու հնարավորություն չունենք»: