Երևանի Բագրատունյաց պողոտայի 44, Արշակունյաց պողոտայի 28/3 և Նորագավթի 1-ին փողոցի 93-րդ հասցեներում տեղադրված բանկոմատները հունվարի 29-ի գիշերը անհայտ անձինք տեխնիկական միջոցներով վնասել էին, փորձել՝ հատուկ սարքավորման միջոցով հասանելիություն ստանալ բանկոմատների համակարգչային համակարգերին՝ փող հափշտակելու:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները պարզել են ենթադրյալ կասկածյալների ինքնությունը, նաև նրանց տեղաշարժը:
Արշակունյաց պողոտայում հայտնաբերվել են 41-ամյա Արթուր Խուդինյանն ու 42-ամյա Յարոսլավ Ռոժկովը, ովքեր բերման են ենթարկվել բաժին:
Ռոժկովի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր տեսակի կրիչներ, երկու զույգ ձեռնոց, բժշկական դիմակներ, արցունքաբեր գազ, հեռադիտակ, նաև 25 սանտիմետրից ավելի երկարությամբ ծալովի դանակ: Էլեկտրազոդիչ սարքը, որով վնասվել են բանկոմատները, նույնպես Ռոժկովինն է: Այն հայտնաբերվել է դեպքի վայրերից մեկի զննությամբ:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննության բաժանմունքում նախապատրաստված նյութերն ու բերման ենթարկվածները ներկայացվել են տարածքային նախաքննական մարմին:
Քրեական գործ է հարուցվել համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակության փորձ կատարելու և համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու հատկանիշներով:
Յարոսլավ Ռոժկովն ու Արթուր Խուդինյանը ձերբակալվել են: