Հարգելի հայրենակիցներ, Անի Զախարյանը և Հայաստանի Նոր Քաղաքական Մշակույթ Կուսակցությունը սկսում է իր քաղաքական 2-րդ շրջափուլը: Բոլոր նրանք, ովքեր այս տարիների ընթացքում հասկացել են, որ հենց ես եմ, որ չգտնվելով ԱԺ-ում կարողանում եմ լուրջ քաղաքական իրադրություն ձևավորել երկրում և հասնել լուրջ հիմնախնդիրների լուծման, այսօրվանից ակտիվ սկսում են հետևել իմ ֆեյսբուքյան էջին:
Երբեք չեմ սիրել ավելորդ անգամ մամուլի ասուլիսներ հրավիրել և դրա ժամանակը չեմ ունեցել և այժմ էլ, երբ ունեմ նորածին բալիկ և ինքս եմ զբաղվում բալիկիս խնամքով, հենց ֆեյսբուքյան էջս է, որ ձեզ համար պետք է դառնա ուղենիշ առաջիկայում ընթացող քաղաքական գործընթացներում որպես քաղաքացի ճիշտ կողմնորոշվելու համար: Այսօր Հանրապետական կուսակցությունը նախագահի թեկնածուի վրա է կենտրոնացրել հասարակության ուշադրությունը, մինչդեռ կարևոր հարցը ոչ թե նախագահի թեկնածուն է, այլ վարչապետի, քանզի նոր սահմանադրությամբ հենց վարչապետի ձեռքում է լինելու պետության գրեթե բոլոր գերատեսչությունների ղեկավարումը:
Ուստի հանրությունը և հասարակությունը այսօրվանից ակտիվ պետք է պահանջի հրապարակել ՀՀԿ վարչապետի թեկնածուի անունը և մինչ վարչապետի ընտրությունը իր հանրային-հասարակական կարծիքը համակողմանի արտահայտելու հնարավորություն ունենա: Բոլոր այն գիտակից քաղաքացիները, ովքեր իրենց քվեն տվել են ԱԺ-ի որևէ խմբակցության՝ որպես Հայաստանի Հանրապետության իշխանություն, իրենց ներկայացուցիչներից պետք է պահանջեն կենտրոնանալ վարչապետի ինստիտուտի և նախարարների ինստիտուտների վրա և հստակ հաշվի առնել հանրության կարծիքը այս գործընթացում:
Վարչապետի ընտրությանը մնացել է 2 ամիս և գործող ղեկավարի կողմից հանրության նկատմամբ տարրական հարգանքի դրսևորում պետք է լինի հրապարակել ՀՀԿ վարչապետի թեկնածուի անունը: Ես այս նոր քաղաքական շրջափուլը սկսում եմ մաքուր էջից և ինչպիսի վերաբերմունք որ ստանամ, նույնպիսին էլ կլինի պատասխանս: Բոլորիդ խնդրում եմ դրսևորել քաղաքացիական գրագետ գործելաոճ և կարողանալ հասնել նրան, որ ապագա կառավարությունը լինի ոչ թե ոլորտները յոլա տանող մարդկանցով համալրված, այլ իրական փոփոխությունների ձգտող անձանցով, քանզի այսօրվա կառավարության շատ նախարարներ ինձ չեն գոհացնում և եթե նրանք շարունակեն պաշտոնավարել, ես ստիպված եմ լինելու պահանջել կառավարության հրաժարականը:
Որքան էլ դրական լինի վերաբերմունքս Կարեն Կարապետյանի նկատմամբ, այս նոր քաղաքական փուլում, եթե նա կառավարությունը և կառավարության կազմում նախարարների փոփոխություն չանի, ուրեմն իմ վերաբերմունքը այլ կլինի: Այս մեկ տարին ես համարում էի փորձաշրջան և վերաբերմունքս ավելի մեղմ էր, սակայն նոր կառավրման քաղաքական շրջափուլում որպես քաղաքացի և կուսակցւթյան ղեկավար լինելու եմ շատ բծախնդիր, քանզի մեզ փոփոխությունների իմիտատորներ հարկավոր չեն, մեզ հարկավոր են իրական բարեփոխիչներ:
Անի Զախարյանի գրառումը