Երեւանում մեկնարկել է «Հայաստան-Շվեյցարիա» գործարար հանդիպումը: Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դե Բումանի պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպված գործարար հանդիպմանը երկու երկրներից մասնակցում է 35 գործարար, որոնք ներկայացնում են տեղեկատվական տեխնոլոգիաների, գինեգործության, զբոսաշրջության, տրանսպորտի ոլորտները:
Հայաստանի փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հանդիպմանը հանդես եկավ բացման խոսքով՝ շեշտելով, որ Շվեյցարիան կարեւոր երկիր է Հայաստանի համար թե հարաբերությունների, թե բիզնես մոդելների համատեքստում:
«Ուզում եմ՝ այս հանդիպման քննարկումները լինեն արգասաբեր եւ առարկայական, որպեսզի ստեղծվի հնարավորություն ուսումնասիրելու բոլոր առավելությունները, որոնք ընձեռում են համապատասխանաբար երկու երկրների տնտեսությունները: Ուզում եմ նշել այն դերը, որ ունեն կառույցները, մասնավորապես, մեր համատեղ հայ-շվեյցարական առեւտրաարդյունաբերական պալատը, խորհրդարանական բարեկամական խմբերը, որոնք հնարավորինս աջակցում են այս համագործակցությանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Վաչե Գաբրիելյանը:
Նա ընդգծեց, որ ցամաքով շրջապատված փոքր երկիրը՝ Շվեյցարիան, հասել է մեծ հաջողությունների գիտություն, արդյունաբերության եւ այլ ոլորտներում: Փոխվարչապետը հավատացած է, որ Հայաստանը նույնպես շատ առաջարկներ ունի շվեյցարացի գործընկերներին: Հայաստանն ունի պատմություն, հետաքրքիր դիրք, ինչպես նաեւ գործում է այնպիսի առեւտրային ռեժիմներում, որոնք երկրին տալիս են եզակի առավելություններ:
Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դե Բումանը հիշեցրեց, որ Հայաստանում առաջին անգամ եղել է դեռեւս 10 տարի առաջ: Շվեյցարացի պաշտոնյան այժմ տեսնում եւ գնահատում է Հայաստանում արձանագրված դրական շարժը տնտեսական ոլորտում:
«Այն պետք է թույլ տա, որ Հայաստանում լինի այնպիսի իրավիճակ, որ բնակչությունը մնա այստեղ»,-ասաց Դոնիմիկ դե Բումանը՝ երկկողմանի համագործակցության համատեքստում առանձնացնելով արեւային էներգիայի, գինեգործության, զբոսաշրջության եւ այլ ոլորտներ: