Ստամբուլի նահանգապետարանը Թուրքիայի հայ համայնքի ղեկավարներին հրավիրել է հանդիպման, որը կկայանա փետրվարի 7-ին: Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը հայտնում է, որ հանդիպմանը հրավիրված է նաև Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող Նախաձեռնող խմբի փաստաբան և խոսնակ Սեբուհ Ասլանգիլը:

Ակնկալվում է, որ հանդիպմանը կմասնակցի Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:

 

Թեպետ չկան մանրամասներ ժողովին քննարկվելիք թեմաների վերաբերյալ, սակայն ենթադրվում է, որ խոսվելու է Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացի վերաբերյալ:

Պատրիարքական ընտրությունների անցկացման վերաբերյալ Նախաձեռնող խումբը դիմել էր ներքին գործերի նախարարությանը, որը, սակայն, սահմանված ժամկետում պատասխան չէր տվել: Դրանից հետո խումբը դիմել էր դատարան՝ դատական գործ հարուցելով նախարարության դեմ:

Նախաձեռնող խմբի այս որոշումը ներքին տարաձայնությունների պատճառ էր դարձել, ինչի արդյունքում խմբի 4 անդամ հրաժարական էր ներկայացրել: