Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության հարցը վերջին շրջանում կրկին օրակարգում է հայտնվել: Ստամբուլի հայ համայնքի անդամների շրջանում սկսել է քննարկվել հարցն այն մասին, թե արդյոք համայնքի հոգևոր առաջնորդի պաշտոնում պետք է շարունակի գործել պատրիարքի փոխանո՞րդը, թե պետք է նոր ընտրություններ կազմակերպվեն:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, քննարկումներում աչքի ընկնող անուններից է Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն: Նա նշել է, որ Պոլսո Հայոց պատրիարքի ուղեղն ամբողջությամբ դադարել է գործել: «Նախկին առողջությունը վերականգնելը բժշկական տեսանկյունից անհնարին է: Մութաֆյանի գիտակցությունը մթագնած է: Կան դա փաստող բոլոր փաստաթղթերը: Դժբախտաբար Մութաֆյանը կենդանի դիակի կարգավիճակում է»,- ասել է Շիրինօղլուն' ընդգծելով, որ բժիշկների հավաստմամբ պատրիարքը նման վիճակով հիվանդանոցում կարող է ապրել դեռ 5 տարի: Ընդգծելով, որ արդեն 7 տարի է Արամ Աթեշյանը զբաղեցնում է պատրիարքի փոխանորդի պաշտոնը' նա հավաստիացրել է, որ եթե նման կերպ շարունակվի ևս 5 տարի, ապա դա մեծ վնաս կհասցնի Պոլսո Հայոց պատրիարքությանը: Շիրինօղլուն պահանջել է, որ ընտրություններ անցկացվեն և ընտրվի համապատրիարք, ով արդեն Մութաֆյանի մահից հետո միանձնյա կզբաղեցնի պատրիարքի պաշտոնը:

 

Թուրքիայի հայ համայնքի ներսում որպես հաջորդ պատրիարքի ամենահավանական թեկնածու համարվող եպիսկոպոս Սահակ Մաշալյանը թուրքական «Միլլիեթ» պարբերականին տեղեկացրել է, որ պատրիարքի ընտրությունների համար իրենք պետք է ստանան պատրիարքարանի և հոգևոր խորհրդի թույլտվությունը: «Հոգևոր խորհուրդը բաղկացած է 9 անդամից: Ընտրություն անցկացնելու որոշման ընդունումից հետո դիմում է ներկայացվում ներքին գործերի նախարարություն: Հոգևոր խորհուրդը առանձնացնում է 5 թեկնածուի ցուցակ: Պատրիարք կարող են դառնալ միայն եպիսկոպոսները»,- պատմել է Մա շալյանը: Նա ընդգծել է, որ նախկինում իրենք դիմել են ընտրություն անցկացնելու համար, սակայն մերժվել են այն պատճառաբանությամբ, որ պատրիարքը դեռ ողջ է, և մինչև նրա մահը ընտրություն անցկացնելու իրավունք չկա: «Հայ համայնքի մեծ մասի մոտ սուրբ կապվածություն կա Մեսրոպ Մութաֆյանի հետ: Շատերը հավատում են, որ հրաշք կլինի, և նա կապաքինվի»,- ասել է նա:

 

Իրավաբան Սեդրակ Դավութհան նշել է, որ ընտրությունների վերաբերյալ իրենք գրություն են ուղարկել Ստամբուլի քաղաքապետարան, որտեղից ևս իրենց պատասխանել են, որ պատրիարքը ողջ է, և նրա գործը կարող է շարունակել միայն պատրիարքի փոխանորդը: Միաժամանակ նրանք մերժել են համապատրիարք ընտրելու առաջարկը, ինչն իր նախադեպը չի ունեցել Պոլսո Հայոց պատրիարքարանի 550 տարվա պատմության մեջ: