Ձմեռային Օլիմպիական խաղերի մայրաքաղաք Փհենչհանում բարձրացվել է Հայաստանի դրոշը:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Հայաստանի օլիմպիական պատվիրակությունը փետրվարի 5-ին ժամանել է 23-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաք եւ հանգրվանել օլիմպիական ավանում: Իսկ փետրվարի 6-ին Փհենչհանում հանդիսավոր պայմաններում բարձրացվել է Հայաստանի պետական դրոշը: Օլիմպիական ավանի քաղաքապետը դիմավորել եւ ողջունել է Հայաստանի պատվիրակությանը: Հայաստանի պատվիրակության ղեկավար եւ հանձնակատար Գագիկ Բոլշիկյանն ու քաղաքապետը հուշանվերներ են փոխանակել, որից հետո կատարվել է դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունը:
Հայաստանը 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերին կներկայացնեն` Միքայել Միքայելյանը (դահուկասպորտ), Կատյա Գալստյանը (դահուկասպորտ) և Աշոտ Կարապետյան (լեռնադահուկ): Ձմեռային Օլիմպիական խաղերը կկայանան Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում փետրվարի 9-25-ը: