ԼՈւՐԵՐ.com-ի զրուցակիցն է Sarajyan trainings-ի հիմնադիր տնօրեն Լուսինե Վարդանյանը.
- Լուսինե՛, «թրեյնինգ» տերմինի շուրջ շատ հակասություններ կան մեր հասարակությունում։ Ոմանք շատ են սիրում թրեյնինգներ և հաճախ մասնակցում դրանց, մյուսները թերահավատորեն են մոտենում կամ նույնիսկ ծաղրում։ Ինչի՞ հետ է դա կապված։
- Պատճառն այն է, որ թրեյնինգը նոր ֆենոմեն է մեր հասարակության համար։ Մի կողմից՝ այն դեռևս չի ընդունվում որպես լրացուցիչ «պարտադիր» կրթություն, մյուս կողմից էլ՝ շուկան դեռևս ձևավորված չէ։ Առաջարկը գնալով աճում է, բայց դրա որակը խիստ կասկածելի է։
- Լրացուցիչ «պարտադիր» կրթությո՞ւն։ Ի՞նչ նկատի ունեք։
- Ցանկացած մասնագիտություն հիմա պահանջում է կրթվել ողջ մասնագիտական կյանքի ընթացքում։ Առանց դրա պարզապես կկորչես մրցակցային շուկայում։ Այդ առումով ֆորմալ կրթությունից հետո մասնագիտական թրեյնինգները, վերապատրաստումները, անկասկած, պարտադիր են դարձել։
- Իսկ ի՞նչ կասեք ոչ մասնագիտական թրեյնինգների մասին․ անձնային աճի, հաղորդակցման, մոտիվացիոն և նման այլ թեմաների շուրջ։
- Դա նույնպես ցավոտ թեմա է։ Այդ թրեյնինգներին ինչ անուն ասես՝ «կպցնում են»։ Սովորաբար մոտիվացիոն թրեյնինգներն ասոցացվում են ամենաանորակ թրեյնինգների հետ, որտեղ հնչում է մոտավորապես «այո՛, դու կարող ես» մակարդակի կոնտենտ։
Բայց ես պրագմատիկ մարդ եմ։ Ես ամեն ինչ չափում եմ ըստ արդյունքի։ Եթե մի թրեյնինգ կարող է օգնել ինձ հասնել իմ նպատակին, ուրեմն արժե դրան մասնակցել։ Ես իմ շրջապատում տեսնում եմ բազմաթիվ հիանալի մասնագետների, ովքեր չեն տեսնում իրենց առջև բացվող հիանալի հնարավորությունները, չեն կողմնորոշվում՝ ուր շարժվել, պարզապես դադարում են նպատակներ դնել ու առաջ գնալ։ Ես տեսնում եմ շատ երիտասարդների, ովքեր պատկերացում չունեն, թե ինչպես կարելի է կազմակերպել անձնական և մասնագիտական կյանքը, չունեն նպատակներ, ձգտումներ։
Անձնային զարգացման թրեյնինգներն օգնում են հասկանալ ինքդ քեզ, բացահայտել քո ուժեղ և թույլ կողմերը, քո հնարավորությունները, դրանք օգնում են գտնել էներգիա և ուժ՝ առաջ գնալու համար։ Դրանք սովորեցնում են ճիշտ օգտագործել սեփական ժամանակը և էներգիան, ճիշտ սնվել, օգնում են վերլուծել սեփական արժեքները, նպատակներն ու ցանկությունները։
Մենք փնտրում և Հայաստան ենք բերում միայն այն մասնագետներին ու այն թրեյնինգները, որոնց արդյունքի վրա վստահ ենք 100%-ով։ Այդպես ենք մենք ընտրել Իգոր Մաննին, Ռիզովին, Գալեյչենկոյին ու էլի շատերին։ Այդպես ենք ընտրել նաև այս տարվա մեր խոսնակներին՝ Ալան Կլեյնհանսին, Ալեքսանդր Ֆրիդմանին, Պավել Կոչկինին, Ռոման Տառասենկոյին, Ռադիսլավ Գանդապասին, Գարրեթթ Ջոնսոնին՝ որոնցից առաջինի թրեյնինգը կկայանա փետրվարի 18-ին։
- Ի դեպ՝ հենց այդ թրեյնինգի մասին։ Այն նույնպես անձնային զարգացման թրեյնինգների շարքին է դասվում, ճի՞շտ է։
- Այո՛։ Սա մեր առաջին թրեյնինգն է անձնային զարգացման թեմայով։ Եվ մեզ համար շատ կարևոր է, որ այն իրոք շատ արդյունավետ լինի։ Մենք երկար ենք փնտրել ոլորտի լավագույն մասնագետներին, որպեսզի հրավիրենք։ Լավագույնն այս ոլորտում, իհարկե, Թոնի Ռոբբինսն է։ Ի դեպ՝ մեր թիմի մի քանիսը վերջերս մասնակցեցին նրա թրեյնինգին՝ Սինգապուրում։
Բայց Թոնիին Հայաստան բերելը ռեալ չէ։ Գոնե հիմա։ Դե, մենք էլ հրավիրեցինք Թոնիի թրեյներների խմբի լավագույն խոսնակին, ով աշխատում է նրա VIP հաճախորդների հետ։ Ալան Կլեյնհանսի կյանքը շատ հետաքրքիր և ուսուցողական է։ Մինչև անձնային զարգացման ուղին բռնելը նա շուրջ 9 տարի ապրել է թմրադեղերի ու ալկոհոլի «շրջապատում»։ Մյուս մանրամասները կլսեք անձամբ Ալանից՝ թրեյնինգի ընթացքում։
- Իսկ ինչի՞ մասին է թրեյնինգը։ Ինչպե՞ս կարելի է դրա բովանդակությունն ու նպատակը պատմել մարդկանց, ովքեր երբևէ չեն մասնակցել նման թրեյնինգների։
- Ոչ մեկիս կյանքն իդեալական չէ։ Բոլորս ունեցել ենք դժվարություններ ու դժբախտություններ։ Կյանքի արագ ռիթմի տակ իրար վրա են լցվում դեպքերը, դեմքերը, ինֆորմացիան։ Մենք գործում ենք սխալներ, կրում անհաջողություններ, վիճում մարդկանց հետ, բաժանվում նրանցից։ Մենք ունենք ներքին հակասություններ, անպատասխան մնացած հարցեր, չլուծված խնդիրներ ու չպարզված հարաբերություններ։ Համաձա՞յն եք ինձ հետ։
- Այո՛, անշո՛ւշտ։
- Իսկ շատե՞րն են արդյոք լուրջ վերլուծության ենթարկում այս ամենը։ Ես կասեի՝ գրեթե ոչ ոք։ Այս թրեյնինգը հենց նման վերլուծության հնարավորություն է։ Ընդհանրապես Թոնի Ռոբբինսի բոլոր թրեյնինգները հիմնված են այս գաղափարի վրա։ Վերլուծել, հասկանալ, ընդունել ու սիրել ինքդ քեզ։ Դրանից հետո նոր կարելի է խոսել նպատակների ու դրանց իրականացման մասին, առողջ ապրելակերպի, ընտանեկան երջանիկ հարաբերությունների մասին։
Թրեյնինգը առաջարկելու է վերլուծել և վերանայել կյանքի 3 հիմնական ոլորտները՝ առողջություն և էներգիա, սեր և հարաբերություններ, կարիերա և բիզնես։
Իհարկե, ինչպես ցանկացած նման կարգի մեծության խոսնակի թրեյնինգ, այն նաև հագեցած է դրական էներգետիկայով։ Թրեյնինգները նաև շատ լավ միջավայր են նոր ծանոթությունների, համախոհներ և գործընկերներ գտնելու համար։ Այդ մթնոլորտում հաստատված կապերն ավելի ամուր են լինում։ Սեփական փորձից եմ ասում։
- Իսկ ի՞նչ նոր ինֆորմացիա կարելի է վերցնել թրեյնինգից։
- Իհարկե, թրեյնինգը հագեցած է նաև բազմաթիվ պրակտիկ վարժություններով, որոնք կարելի է օգտագործել ամեն օր։ Դրանք կօգնեն հետագայում օգտակար սովորությունների ամրապնդմանը, կապահովեն օրվա էներգիան ու տրամադրությունը։ Պարզ և արդյունավետ խորհուրդներ, որոնք կատարելը ոչ մի դժվարություն չի ներկայացնում։ Այսպիսին են Թոնիի մեթոդները։ Դա է պատճառը, որ նա արդեն 30 տարի է, ինչ աշխարհի լավագույն թրեյներների շարքում է։
- Իսկ ովքե՞ր են ընդհանրապես մասնակցում Թոնի Ռոբբինսի ու նրա թիմի թրեյնինգներին:
- Բարդ է միանշանակ ասել։ Նրա թրեյնինգներին կարող ես հանդիպել միլիոնատերերի, դերասանների, հայտնի մարդկանց, բիզնեսմենների, տարբեր մասնագիտության տեր մարդկանց։ Երևի թե նրանց կարելի է բաժանել 2 հիմնական խմբի։ Առաջինները մոլորվել են իրենց ներքին հակասությունների հարցում, դեպրեսիայի կամ էմոցիոնալ անկման փուլում են։ Նրանք գալիս են թրեյնինգի՝ ռեսթարթ լինելու, ամեն ինչ տեղը գցելու ու կյանքին նոր աչքերով նայելու։ Մյուս խումբն այն մարդիկ են, ովքեր արդեն հաջողակ և կայացած են, բայց գիտակցում են, որ առանց անձնային հետագա զարգացման՝ բիզնեսում ու կյանքում առաջ գնալն անհնար է։ Նրանք գալիս են իրենց անցած ուղին վերլուծելու, նոր նպատակներ սահմանելու ու էներգիայի նոր պաշարի հետևից։
- Ա՛յ, օրինակ՝ խոսեցինք այն մասին, թե ինչ է տալիս թրեյնինգը մասնակիցներին։ Դրանք շոշափելի՞ են, թե՞ ոչ։ Ինչպե՞ս կարելի է հասկանալ արդյունավետությունը թրեյնինգից։
- Տեսեք, կա հմտությունների 2 տեսակ՝ ''Soft skills'' և ''Hard skills'': ''Soft skills''-ը ոչ մասնագիտական հմտությունների համակարգ է, որը սերտ կապված է անձնային հատկություների հետ՝ պատասխանատվություն, կարգապահություն, ինքնակազմակերպում, ժամանակի կառավարում, լիդերություն, հաղորդակցություն և այլն։ Սովորաբար հենց սրանց շնորհիվ են մարդիկ հասնում հաջողությունների։ Այս հմտությունները ապահովում են բարձր արդյունավետություն ոչ միայն աշխատանքի մեջ, այլ նաև անձնական կյանքում։ Իսկ ''Hard skills''-երը հենց մասնագիտական, տեխնիկական հմտություններն են՝ որոնք չափելի են, սակայն աշխատանքի արդյունավետությունը միշտ չէ, որ ապահովում են։
Ի դեպ, այս առիթով հստակ հետազոտություն են արել աշխարհի առաջատար 3 խոշորագույն հաստատություններ։ Հարվարդի համալսարանի, «Քարնեգի» հիմնադրամի և «Ստենֆորդ» հետազոտական կենտրոնի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աշխատանքային նվաճումների 85%-ը կապված է այսպես կոչված անձնական հատկությունների՝ ''Soft skills''-ի հետ, իսկ աշխատանքում հաջողությունների միայն 15%-ը տեխնիկական հմտություններ և գիտելիքներ՝ ''Hard skills''-ն են:
Եվ, որպես մեր զրույցի վերջաբան, ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին։
- Քանի որ խոսեցինք կոնկրետ թեմայից, ապա երևի թե մաղթանքս էլ, ճիշտ կլինի՝ նույն թեմայի շուրջ ձևակերպեմ։ Մաղթում եմ բոլորին՝ գալ այն գիտացության, որ իրենց իրական հնարավորություններն անսահման են։ Դա վերաբերում է նաև ինձ: Դրան գալու համար գիրք կարդալը, տեսանյութ դիտելը կամ ուղակի «իմանալը» շատ քիչ է, պետք է գործել։ Իսկ եթե չենք գործում, ապա զբաղվում ենք ինքնախաբեությամբ, իբր գիտակցում ենք մեր հնարավորությունների անսահմանությունը։
Մի խոսքով՝ անկեղծորեն խորհուրդ եմ տալիս միանալ մեզ:
Միանալ ըներների, բարեկամների և գործընկերների հետ։
Խոստանում ենք՝ ստացած նոր գիտելիքների շնորհիվ՝ դրական փոփոխությունները ձեր կյանքում երկար սպասեցնել չեն տա իրենց։