«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի համոզմամբ՝  նոր Սահմանդրությունն ու դրանից բխող բոլոր փոփոխությունները գերկենտրոնացնում են իշխանությունը երկրի վարչապետի ձեռքում և ասվածի գագաթնակետն է դատապարտյալին ներում շնորհելու բացառիկ իրավունքի վստահությունը վարչապետին. «Ուժային բոլոր կառույցները տալիս են ոչ թե Կառավարությանն, այլ հենց վարչապետին. մինչ այս երբևիցե նման բան չի եղել:  Սերժ Սարգսյանը երբևէ նման լիազորություններ չի ունեցել, և այն, որ Հայաստանը գնում է ավտորիտար ճանապարհով, արդեն փաստում են միջազգային կառույցները: ես կարծում էի, որ Սերժ Սարգսյանն, ով սիրում է «ձիով քայլ» անել, գուցե վերջին պահին փոխի իր որոշումն ու վարչապետի այլ թեկնածու ցանկանա տեսնել, սակայն նա այդ քայլը չարեց»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մարտիրոսյանը: 

 

Անդրադառնալով Հայաստանի  ժողովրդավարացման տեմպին՝ Մարտիրոսյանը նշեց, որ Հայաստանում կիրառվում է ավտորիտարիզմի փափուկ տեսակը, որի եղանակներից մեկը ֆինանսական միջոցների կառավարումն է. «Իշխանությունը ֆինանասավորումից զրկելով ընդդիմությանը, զրկում է նրան խոսելու հնարավորությունից: ֆինանսավորվում են լրատվական միջոցների զգալի մասը: Միջազգային գործընկերներն էլ, տեսնելով, որ մեր երկրում ժողովրդավարական գործընթաց չկա՝ որոշ դեպքերում ուզած-չուզած, մի կերպ են  համագործակցում մեզ հետ»:

Որպես ավտորիտարիզմի լավագույն ապացույց՝ Մարտիրոսյանն օրինակ բերեց սահմանադրության մեջ արված փոփոխությունն, ըստ որի՝ Ազգային անվտանգության խորհրդի կազմից հեռացվեցին Սահմանադրությամբ երկրի կարևորագույն գործառույթներն իրականացնող մարմինները:

Հարցին՝ ստեղծված իրավիճակում ի՞նչ քայլերի պետք է դիմել, Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ ստեղծված պարագայում պետք է միավորել բոլոր ընդդիմադիրներին: «Չունեմ այս հարցի պատասխանը՝ ինչպես կարելի է միավորել բոլոր ընդդիմադիրներին և համախմբել նաև քաքաղացիներին: Այսօր ոչ մի միայն ընդդիմություն չկա խոշար հաշվով, այլ նաև չկա իշխող կուսակցություն: Այսօր թելադրողը միայն Սերժ Սարգսյանն է: Անգամ Արմեն Սարգսյանի առաջադրումը ապացուցեց, որ ՀՀԿ-ն չկա, կա Սերժ Սարգսյան»,-ասաց Մարտիրոսյանը և հավելեց՝ ընդդիմադիր հատվածը ոչնչացված է, քանի որ չկան ֆինանսներ: 

Արմեն Մարտիրոսյանը նաև հավելեց, որ անգամ նման գլոբալ փոփոխություններով՝ Հայաստանը կարող է կանգնել ֆորս մաժորի առաջ, որը մեր դեմ կդնի հենց Ալիևը. Պատահական չէ, որ նա շտապում է ապրիլին ընտրվել, նա կարող է լարում ստեղծել արտաքին ճակատում, իսկ այդ արտաքին ճակատը հենց Արցախն է»: