Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը փետրվարի 7-ին հանդիպում ունեցավ ընդդիմադիր «Նոր Ժողովրդավարություն» կուսակցությունից Հունաստանի խորհրդարանի պատգամավոր և ստվերային կառավարության ԱԳ նախարար Յորղոս Կումուցակոսի հետ:
Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Ողջունելով դեսպան Չարչօղլյանին՝ Յորղոս Կումուցակոսն իր առանձնահատուկ ակնածանքն արտահայտեց հայ ժողովրդի և նրա պատմության նկատմամբ: Անդրադառնալով ՀՀ դեսպանի և «Նոր Ժողովրդավարություն» կուսակցության նախագահ Կիրիակոս Միցոտակիսի նախորդ հանդիպմանը՝ պատգամավորը վերահաստատեց, որ իրենց կուսակցությանն անդամակցող և դրան հարող որոշ գործարարներ հետաքրքրված են Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելով:
Տեղի ունեցավ մտքերի փոխանակում ինչպես երկու երկրների առջև ծառացած, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ, որի համատեքստում «Նոր Ժողովրդավարություն» կուսակցության պատգամավորը ներկայացրեց Հունաստանի ներքին և արտաքին զարգացումների շուրջ իր կուսակցության մոտեցումները:
Զրուցակիցները երկուստեք կարևորեցին հայ-հունական երկկողմ բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը՝ խարսխված երկու եղբայրական ժողովուրդների փոխադարձ ջերմ վերաբերմունքի վրա:
Դեսպան Չարչօղլյանն իր հերթին զրուցակցին մանրամասն ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրի շուրջ վերջին զարգացումները, Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը՝ հիմնախնդրի կարգավորման գործընթացի առաջմղման ուղղությամբ: Դեսպան Չարչօղլյանն անդրադարձավ նաև ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված համաձայնագրին՝ կարևորելով Հունաստանի խորհրդարանի կողմից դրա շուտափույթ վավերացումը:
Զրույցի ընթացքում կողմերը քննարկեցին նաև երկու երկրների միջև խորհրդարանական դիվանագիտության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը: