«Հրապարակ» թերթը գրում է. «Վահրամ Բաղդասարյանի և Սամվել Ալեքսանյանի այս տպավորիչ լուսանկարը, որը երեկ շրջում էր համացանցում, ուշագրավ պատմություն ունի։

Պարզվում է՝ վերջերս ՀՀԿ խմբակցության ղեկավարը, հերթական անգամ իր առաքելությունը կատարելով, փորձել է քվեարկության համար «բերման ենթարկել» Ալեքսանյանին։ Երբ զանգահարել է, պարզվել է, որ Լֆիկ Սամոն Իրան է մեկնում և արդեն հասել է Մեղրի։ Խմբակցության ղեկավարը հրահանգել է 2 ժամից լինել խորհրդարանում, որ մասնակցի քվեարկությանը։ Գործարարը փորձել է «սակարկել», թե կհամոզի «Ծառուկյան դաշինքի» պատգամավորներից մի քանիսին, որ «իր խաթեր» կողմ քվեարկեն, սակայն ՀՀԿ խմբակցության ղեկավարը խիստ հրահանգել է վերադառնալ։

 

Բայց Բաղդասարյանի խիղճը տանջել է, և ինքն է լուծել պակասող ձայների հարցը։ Երբ նորից զանգահարել է Ալեքսանյանին, պարզվել է, որ Լֆիկը զինվորի պես կատարել է «շեֆի» հրահանգը և արդեն հասել է Սիսիանի կողմերը, Բաղդասարյանը հորդորել է նորից հետ դառնալ և շարունակել ճանապարհը դեպի Իրան։ Երեկ նրանք խորհրդարանում հանդիպելով՝ հիշել են այս պատմությունը և անբռնազբոս հռհռացել, ինչն էլ արձանագրել է panorama.am-ի լրագրողը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: