Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ իրենց մտահոգություններ են հայտնում դատական նիստի ընթացքում փաստաբանների նկատմամբ մինչև 100 հազար դրամի չափով կարգապահական տույժ կիրառելու դրույթի վերաբերյալ, որը հանվել է Դատական օրենսգրքից և ներառվել Քաղաքացիական դատավարության օրենսգրքում:

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ իրենք ստացել են Փաստաբանների պալատի կոչը՝ ուղղված խորհրդարանին, որ նման կարգավորմամբ նախագիծը չի կարելի ընդունել: «Ես մեկ անգամ ևս կառավարությանը կոչ եմ անում հանդիպել փաստաբաններին, քանի որ այս նախագիծը ոչ միայն բովանդակային առումով է խնդրահարույց, այլ նաև հակասություններ ունի Սահմանադրության հետ: Ի վերջո, որևէ մեկը իրավունք չունի կանոնակարգ խախտել և առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում բերել երկու նոր նախագիծ, որոնց դրույթներն առաջին ընթերցմամբ չեն քննարկվել: Այս դրույթները հետագայում Եվրոպական դատարանում դառնալու են լրջագույն վիճարկման առարկա: Փաստաբանների անկախության հետ կապված խնդիր կա: Դատավորը չի կարող սանկցիա կիրառել և փաստաբանի անկախությունը սահմանափակել: Հորդորում եմ այս նախագիծը քվեարկության չդնել, հորդորում եմ սա սկզբունքի հարց չսարքել և կրկին քննարկել շահագրգիռ բոլոր կողմերի հետ»,- նշեց Զոհրաբյանը:

 

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ անհասկանալի է, թե ինչու է կառավարությունն այսպիսի հրատապությամբ ցանկանում անցկացնել փաստաբաններին տուգանելու վերաբերյալ դրույթը: Նա նկատեց, որ նախագիծը ներկայացնելու ընթացքում չի երաշխավորվել, որ այդ դրույթն ընդունելուց հետո այն չի չարաշահվելու: «Ես կարծում եմ, որ չարաշահվելու է այս դրույթը, որովհետև մեր դատական իշխանությունը դեռևս պատրաստ չէ նման իշխանություն ստանալու: Մենք նաև հիմնավորումներ չենք ստացել, թե ինչով է պայմանավորված փաստաբանների նկատմամբ սանկցիա կիրառելու դրույթի ընդունումը»,- ընդգծեց Մարուքյանը:

Օրենքի նախագծի վերաբերյալ իր մտահոգությունը հայտնեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա հայտնեց, որ իրենք հանդիպել են Փաստաբանների պալատի նախագահի հետ, քննարկել հարցը և եկել եզրահանգման, որ իսկապես կա խնդիր, բայց նաև կա հնարավորություն հարցը կոմպրոմիսային ճանապարհով լուծել: «Ես կարծում եմ տեղի չէ առանց համաձայնեցնելու այս հարցը բերել այստեղ, արագ քննարկել ու անցկացնել: Քանի որ փաստաբանները, հասկանալով խնդրի էությունը, պատրաստ են գնալ կոմպրոմիսի, իրենք էլ ունեն առաջարկներ ներկայացնելու, կարծում եմ, որ այնքան էլ հրատապ չէ, որ այս հարցը հենց հիմա լուծվի: Ես կարծում եմ պետք չէ ավելորդ լարվածություն առաջացնել, որևէ խանգարող հանգամանք չկա, որ այս հարցը հանգիստ քննարկենք»,- նշեց Ռուստամյանը:

Պատգամավորի համար հասկանալի չէ առաջարկվող լուծումը, թե դատավորը պետք է փաստաբանի նկատմամբ սանկցիա կիրառելու մասին որոշում կայացնի: «Եթե դատավորը կողմերից մեկն է, ինչո՞ւ նա պետք է որոշի՝ ինչպիսի սանկցիա կիրառել փաստաբանի նկատմամբ: Այստեղ անաչառության սկզբունքը խախտվելու է, և արդարադատության մասին խոսք լինել չի կարող: Բացի այդ, եթե փաստաբանին, օրինակ, 100 հազար դրամով տուգանելու մասին որոշում կայացվի, դա կարող է համարվել քրեական պատժատեսակ, և փաստաբանները դա կարող են վիճարկել միջազգային դատարանում: Ցանկացած փաստաբան կարող է նման դեպքերում դիմել միջազգային դատարան և Հայաստանի դեմ վճիռները շատանան, ինչը մեզ բոլորովին պետք չէ»,- եզրափակեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:

 

Քաղաքացիական դատավարության մասին օրենսգիրքը և հարակից նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է խորհրդարանի կողմից և փետրվարի 9-ին կդրվի քվեարկության: