Արցախի հիմնահարցի վերջնական լուծմանը պետք է հասնել միայն բանակցային ճանապարհով: Այս մասին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ կայացած ճեպազրույցում ասել է Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը՝ ընդգծելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո պետք է շարունակել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը:
Անդրադառնալով արցախյան այցին՝ Սարգսյանը նշել է, որ անմիջապես նախագահից է տեղեկացել վերջին տարիներին Արցախի կյանքում արձանագրված հաջողությունների, տնտեսության զարգացման և առկա խնդիրների մասին: «Նախագահի հետ հնարավորություն ունեցա երկար զրուցելու և ստացա ինձ հետաքրքրող հարցերի պատասխանները: Ցանկանում եմ շեշտել, որ բազմիցս առիթներ եմ ստեղծել՝ Արցախ այցելելու և որպես ազատ քաղաքացի շրջագայելու, բայց այս այցը որակապես այլ բնույթ ուներ, և ես շատ ուրախ եմ դրա համար»,- ասել է Սարգսյանը և ավելացրել, որ բացի նախագահի և ԱՀ բարձրաստիճան ղեկավարների հետ հանդիպումներից, արցախյան այցի օրակարգում նախատեսված է նաև կրթօջախներ այցելելը:
Նրա խոսքով՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի համար օրախնդիր հարցը որակյալ կրթություն ապահովելն է: Եվ ՀՀ Նախագահի պաշտոնի հնարավոր ստանձման դեպքում՝ նա հիմնական առաջնահերթություններից է համարելու կրթական բարձրակարգ համակարգ ստեղծելը:
Փետրվարի 9-ին Նախագահ Բակո Սահակյանը ընդունել է ՀՀԿ կողմից առաջադրված Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին: Առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով, որին մասնակցել են Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: