Հայաստանի նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը դեպի երկիր օտարերկրյա ներդրումներ ներգրավելու հարցում կարևորում է ներդրողների համար թափանցիկ իրավական դաշտի և հաջողված բիզնես օրինակների ապահովումը:
Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է չորրորդ նախագահը: «Դեպի Հայաստան արևմտյան ներդրումներ ներգրավելու համար անհրաժեշտ է այնպես անել, որ յուրաքանչյուր պոտենցիալ ներդրող իմանա` ինչ է իրեն սպասում, ինչ պայմաններում պետք է ինքն աշխատի, ինչպիսին է երկրի օրենսդրությունն ու պրակտիկան, որում պատրաստվում է ներդրում կատարել: Իսկ բարենպաստ ներդրումային միջավայր ձևավորելու համար պետք է անընդհատ քրտնաջան աշխատել»,-նշել է նախագահը: Նրա խոսքով` երկրի տնտեսական ու ներդրումային գրավչության տեսանկյունից կարևոր են օրենքի գերակայության հետագա ամրապնդումն ու օրենքի առջև բոլորի հավասարության հաստատումը, որը, ըստ Արմեն Սարգսյանի, կախված է ոչ միայն պետությունից, նաև քաղաքացներից, հասարակությունից, գործարար հանրույթից:
Անդրադառնալով աշխարհով մեկ ապրող ու գործող հայկական սփյուռքին` Արմեն Սարգսյանը նկատել է, որ հայ առևտրականները դեռևս հին ժամանակներից գործարար կապեր են հաստատել հեռավոր ափերում` Հնդկաստանից Իրան, Ամերիկայից Ավստրալիա՝ վստահորեն «յուրացնելով» նոր երկրներ ու մայրցամաքներ: «Սակայն արևմտյան սփյուռքի հիմնական մասը ձևավորվել է, երբ հայերը ցեղասպանության ենթարկվեցին Օսմանյան կայսրությունում 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին: Այսօր մեր հայրենակիցներն ապրում են գործնականում բոլոր մայրցամաքներում, աշխարհի 100 երկրներում նրանք ակտիվորեն ներգրավված են տեղի տնտեսական, հասարակական, մշակութային կյանքում»:
Չորրորդ նախագահը կարևորել է ոչ միայն պետության կողմից սփյուռքում ապրող իր զավակներին աջակցելը, նաև սփյուռքին դեպի Հայաստան լայնորեն ներգրավելը: «Ես ինքս ապրել եմ արտասահմանում շուրջ 30 տարի և սեփական փորձով գիտեմ սփյուռքի հոգսերի, ձգտումների և խնդիրների մասին»,-եզրափակել է նա: