Քիչ հետո Կարեն Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը:
Ի թիվս այլ հրավիրյալների' այնտեղ էր նաև ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանը, ով լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ պետք է հնրավորություն տալ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանին՝ դառնալու Սահմանադրության պաշտպանը:
Պատգամավորն ընդգծեց, որ պետք չէ անընդհատ ականներ դնել պաշտոնյաների տակ ու այդպիսով թույլ տալ, որ կասկածը հասարակությանն ուտի:
«Պատմական պահ է, 7 տարի թողեք, թող լինի պաշտոնյա, կատարի իր սահմանադրական պարտականությունները և պետք չէ ամեն վայրկյան ինչ- որ բան փնտրել»-, ասաց Ռուստամյանը՝ ի պատասխան այն հարցին, որ Սարգսյանը այդպես էլ չներկայացրեց Մեծ Բրիտանիայի իր քաղաքացիությունը հերքող որևէ պաշտոնական փաստաթուղթ:
Ինչ վերաբերում է այս օրերին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնություններին՝ Ռուստամյանն ասաց. «Ես կարծում եմ՝ որոշակի քաղաքական ակտիվություն կմտցնեն, բայց որևէ լուրջ փոփոխություններ չեմ սպասում, դա իրենց սահմանադրական իրավունքն է»: