Օրերս Կառավարության նիստում հավանության արժանացավ «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի նախագիծը: Մամուլը գրում էր, որ օրենքի փաստացի ընդունմամբ տեղի ունեցավ հերթական հակասահմանադ­րական ակտը: Չնայած Սահ­մանադրությամբ սահմանված չէ առաջին փոխվարչապետի պաշտոն, սակայն այս օրենքով սահմանվում է, որ Անվտանգու­թյան խորհրդին անդամակցում է նաև առաջին փոխվարչապետը:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում, սահմանադրագետ Վարդան Այվազյանն, անդրադառնալով վերոնշյալին, ասաց, որ առաջին փոխվարչապետի ինստիտուտն օրենքով հնարավոր է սահմանել. «Սահմանադրությունն ասում է երեք փոխվարչապետ պետք է լինի, իսկ երեքից մեկը կլինի առաջին, երկրորդ կամ երրորդ՝ օրենքով կարգավորվող խնդիր է և հակասահմանադրական ոչինչ չկա»,- ասաց նա՝ ավելացնելով, որ օրենքի մասին հստակ կարելի է խոսել պաշտոնապես ուժի մեջ մտնելուց և ծանոթանալուց հետո միայն:

 

Նշենք, որ շատերը կարծում են, որ այս քայլը հակասահմանադրական է և կատարվում է գործող վարչապետ Կարեն Կարապետյանի համար. այդ պաշտո­նը նախատեսված է հենց նրա հա­մար: Բայց եթե Կարապետյանը նշանակվի փոխվարչապետ, նշում են՝ դա կլինի Սահմանադրության երկ­րորդ խախտումը, քանի որ նա վերջին չորս տարում չի բնակվել Հայաստանում, ինչպես պա­հանջում է Սահմանադրությու­նը կառավարության բոլոր ան­դամների համար:

Խոսելով այս մասին, սահմանադրագետը նկատեց, որ նրանք, ովքեր մեղադրանքներ են հնչեցնում՝ նախ պետք է փաստեր ներկայացնեն, որ վերջին 4 տարում Կարեն Կարապետյանը Հայաստանում չի բնակվել. «Ընտանեկան օրենսգրքով բնակության ձևը 4 տարվա կտրվածքով որոշվում է հետևյալ ձևով. 4 անգամ 365 և դրա կեսին գումարած 1 օր: Հստակ թվով ստացվում է 731 օր, և եթե վարչապետ Կարեն Կարապետյանը այդքան ժամանակ գտնվել է Հայաստանում, ապա համարվում է մշտական բնակվող և կարող է դառնալ վարչապետ»,- ասաց սահմանադրագետը՝ խոսակցությունները համարելով անիմաստ, եթե չկան փաստեր, իսկ դա իմանալ կարող են Կարեն Կարապետյանի անձնագրում ֆիքսված տվյալներով:

Այվազյանն, անդրադառնալով վերջին շրջանում քաղաքական գործիչների արտահայտած դիրքորոշումներին, նշեց, որ դատողությունները հիմնականում փոփոխված սահմանադրությամբ հանրապետության նոր նախագահի կարգավիճակի վերաբերյալ են: 

«Քաղաքական գործիչներն իրենց ցածր իրավագիտակցության շրջանակում թերագնահատում են հանրապետության նախագահի դերկատարությունը՝ նշելով, որ որևէ լուրջ լիազորություն չունի, նշում են որպես երկրորդ ջութակ, իրենից որևէ բան չներկայացնող ինստիտուտ և այլն: Ասեմ, որ Սահմանադրությամբ նշված է բարձրագույն կարգավիճակը որպես պետության գլուխ, և նրա հիմնական գործառույթը Սահմանադրության պահպանմանը հետևելն է: Այս կարգավիճակում նախագահի գործառույթը չհասկանալ և նշել, որ իրենից ոչինչ չի ներկայացնում՝ իրավական առումով առնվազն անգրագիտություն եմ համարում: 

 

Տեսակետներ են հնչում, որ Իտալիայում, Գերմանիայում ո՞վ է ճանաչում իրենց նախագահին, բոլորը ճանաչում են վարչապետներին: Ասեմ, որ այդ երկրներում նախագահներին չեն ճանաչում, որովհետև դրանք կայացած պետականություն ունեն, և, ըստ ամենայնի, կայացած պետականության սահմաններում նախագահը շատ անելիք չունի: Մեր պարագայում, քանի որ կանգնած ենք պետականության կերտման ճանապարհին, հանրապետության նոր նախագահի դերակատարությունը շեշտակի մեծանում է, և երբ մեզ մոտ էլ լինի նրանց նման կայացած ժողովրդավարական, իրավական պետություն՝ մեզ մոտ էլ կսկսեն նախագահին չճանաչել»,- ասաց Այվազյանը:

Նրա խոսքով՝ քանի որ ցանկացած նոր պաշտոնի հետ մեր հասարակությունը ինչ-որ հույսեր է կապում, բնականաբար, նոր սահմանադրության պայմաններում նոր ընտրվելիք նախագահի դերակատարությունը մեծ է և նա երկրորդական ֆիգուր չի կարող համարվել, քանի որ պետության գլուխն է. «Պետությունը համեմատենք ընտանիքի հետ. եթե տան գլուխը՝ հայրն, ունի լուրջ պաշտոն, լիազորություններ և շատ փող, ուրեմն ընտանիքը նրան համարում է ընտանիքի գլուխ, իսկ եթե չունի այս ամենը, ապա նրան ընտանիքի գլուխ չեն համարում: Սա ամենախեղաթյուրված մոտեցումն է, քանի որ պետության գլուխը մնում է պետության գլուխ՝ անկախ նրա դերակատարությունից»,- հավելեց սահմանադրագետը:

Սոնա Հարությունյան