Խորհրդարանում երեկ պատգամվորների 67 կողմ ձայնով ընդունվեց ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու հարցը, որի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է Արմեն Սարգսյանի ստորագրությունը: ԼՈՒՐԵՐ.com-ն այս թեմայով զրուցեց սահմանադրագետ Վարդան Այվազյանի հետ՝ իրավիճակի լուծման և դրա ընթացակարգի վերաբերյալ:  

Սահմանադրագետի համոզմամբ՝ ԱԺ-ն իր բոլոր միջոցները պետք է օգտագործի իր գոյությունը երկարաձգելու համար, իսկ վարչապետ Փաշինյանը ժողովրդի ուժի միջոցով հասնի արտահերթ խորհրդարանական ընտրությունների: «Այս երկու կողմերի հակասության մեջ տրամաբանական է Փաշինյանի տեսակետը, ոչ թե նրա համար, որ նա վարչապետն է, այլ նրա համար, որ սահմանադրությամբ իշխանությունը պատկանում է ժողովրդին, իսկ ԱԺ-ն օրենսդիր ներկայացուցչական մարմին է, այսինքն՝ ժողովրդի ներկայացուցիչներն են պատգամավորները»,-ասաց Վարդան Այվազյանը: 

 

Մեր այն դիտարկմանը, թե ինչով է պայմանավորված այն, որ այս օրենքի նախագծի վերաբերյալ առաջին ընթերցման ժամանակ ԵԼՔ դաշինքը կողմ է քվեարկել, սակայն երկրորդ ընթերցման ժամանակ բոյկոտեց քվեարկությունը, Այվազյանը պատասխանեց. «Հազար պատճառ կարող է լինել, կարող է հետո են գլխի ընկել, կամ թմրանյութի ազդեցության տակ են եղել: Ո՛չ Փաշինյանի համար եմ գժվում, ո՛չ էլ ՀՀԿ-ՀՅԴ-ի, բայց Փաշինյանի կազմակերպած հավաքն էլ ճնշում չեմ համարում»: 

Անդրադառնալով Արմեն Սարգսյանի՝ տվյալ օրենքի ստորագրմանը, սահմանադրագետը մանրամասնեց. «Տվյալ օրենքի նախագծի ընդունումից հետո այն փոխանցվում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, որն էլ 21- օրյա ժամկետում պետք է ստորագրի այն, կամ դիմի Սահմանադրական դատարան: Այնուհետև, ՍԴ-ում կողմերը պետք է քննարկման դնեն հարցը և եթե որոշվի, որ պետք է ընդունեն օրենքը, ապա առանց Արմեն Սարգսյանի ստորագրման որոշումն օրենքի ուժ է ստանում, եթե ոչ՝ ընդհանրապես շրջանառությունից դուրս կգա: Ես կարծում եմ, որ Սարգսյանն այն չի ստորագրի և դեմ չի գնա ժողովրդի որոշմանը: 

Մեր այն հարցին, թե պատգամավորների ետկանչի վերաբերյալ օրենքի անհրաժեշտություն զգացվու՞մ է այստեղ, մեր զրուցակիցը մտահոգություն հայտնեց, որ բացակայում է այդ օրենքը և, ըստ նրա, դա դիտավորյալ արված քայլ է:

 

Արմինե Միքայելյան