Գինեգործության ոլորտում 2018 թվականին արդեն արդեն նոր հաջողություններ են գրանցվել: Մասնավորապես, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ 14 գինեգործական ընկերություններ փետրվարի 5-ից 9-ը մասնակցել են Մոսկվայում անցկացվող «ՊրոդԷքսպո» 25-րդ հոբելյանական ցուցահանդեսին: Տարածաշրջանի խոշորագույն ամենամյա միջազգային ցուցահանդեսում հայկական ընկերությունները միասնական տաղավարով իրենց արտադրանքն են ներկայացրել երկրորդ անգամ:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Հանդիպեցինք Գերմանիայի, Կանադայի, Հունգարիայի ներկայացուցիչների հետ, որոնք հետաքրքրված են հայկական գինեգործությամբ: Կարծում եմ, որ հետագայում կունենանք պայմանագրեր արտահանման ուղղությամբ»,- նշել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը:
Գինու ոլորտի մասնագետները համոզված են, որ առաջիկայում հայկական գինին իր ուրույն տեղն է զբաղեցնելու աշխարհի գինու քարտեզի վրա: Նրանք նաև հույս ունեն, որ զուգահեռաբար Հայաստանում էլ ավելի կզարգանա գինի խմելու մշակույթը: