Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վերաքննիչ դատարանում այսօր հարցաքննվում է Հայաստան «Իգլա» տեղափոխելու և փողերի լվացման մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված՝ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի գործով առանցքային դերակատարում ունեցած Ռոբերտ Աղվանյանը:
Ռոբերտ Աղվանյանը պատասխանելով Բաբայանի պաշտպանի հարցին, թե որտեղից է ձեռք բերել «Իգլան», նշեց, որ այն պատկանել է իր հորը և իրենց տանն է եղել դեռևս պատերազմի տարիներից. «2010 թվականին Էջմիածինում տունս վաճառելու ժամանակ եմ հայտնաբերել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այդ հրթիռից ևս մեկն էլ ունեցել է, որը կալանավորվելուց հետո 2017-ին նվիրաբերել է հայոց բանակին։
Ռոբերտ Աղվանյանը նշեց, որ Թբիլիսիում Հրաչ Մայիլյանի հետ հանդիպել, զրուցել են, որից հետո «Իգլան» տվել է նրան. «Մյուս հարցերով Հրաչյա Մայիլյանին դիմեք, ես ոչ մի ցուցմունքի, ոչ մի բանի հետ կապ չունեմ»,- ասաց նա:
Հարցին՝ եթե զենիթահրթիռային համակարգը Հայաստանում է եղել, ինչո՞ւ է ասել՝ Վրաստանից է բերելու, Աղվանյանը պատասխանեց.
«Բարձր վաճառելու համար եմ ասել: Զենիթահրթիռային համալիր Վրաստանից չի բերվել, այլապես ինձ Վրաստանից Հայաստան չէին արտահանձնի։ Զենքը տվել եմ Մայիլյանին, նպատակ եմ ունեցել այն վաճառել 25000 դոլարով, Հրաչյա Մայիլյանն էլ ինձ տվել էր 4000 դոլար՝ պայմանով, որ մնացած գումարը հետո պետք է տա»,-ասաց նա:
Նշենք, որ Ռոբերտ Աղվանյանը «Իգլայի» գործով ձերբակալվել էր Վրաստանում, այնուհետև կալանավորվել և 9 ամիս անց տեղափոխվել էր Հայաստան։