Հռոմի Ժամանակակից արվեստի ազգային պատկերասրահում Իտալիայում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ փետրվարի 13-ին տեղի ունեցավ իտալացի արվեստագետ Ջուզեպպե Կակավալեի «Armenia. Ossip Mandelstam. Dessins» գրքի շնորհանդեսը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Բանախոսների թվում էին հեղինակ Ջուզեպպե Կակավալեն, իտալացի հայտնի գրող Էրրի Դե Լուկան, արվեստաբան Մարչելլա Կոսուն:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը: Ջուզեպպե Կակավալեն և Էրրի Դե Լուկան ներկայացրեցին Օսիպ Մանդելշտամի նկարագրած Հայաստանը՝ որպես եվրոպական և արևելյան քաղաքակրթությունների խաչմերուկ:

Ընթերցվեցին Մանդելշտամի՝ Հայաստանին նվիրված բանաստեղծություններ՝ բնագրով, ինչպես նաև հայերենով և իտալերենով: