ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2018-ի հունվար ամսվա ցուցանիշներին: 


«Տնտեսական ակտիվության ցուցանիշն այս ամիս կազմել է 10.2%, ունենք աճ գրեթե բոլոր հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներով: Հատկապես կարևորում եմ արտաքին առևտրի շրջանառության աճը՝ 47.6%, ինչպես նաև արտահանման ու ներմուծման ցուցանիշների դինամիկան՝ 45.2% և 48.9% աճ համապատասխանաբար»,-  ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետը:

 

 

Գրառմանն ուղեկցող ինֆոգրաֆիկայից պարզ է դառնում, որ տնտեսական ակտիվությունը 2014թ-ի հունվարին կազմել է 2.0, 2015-ի հունվարին՝ 1.9, 2016-ի հունվարին՝ 5.5, 2017-ի հունվարին՝ 6.8, և 2018-ի հունվարին՝ 10.2 տոկոս: Ներքին առևտրաշրջանառությունը վերջին 5 տարիների հունվար ամիսների ընթացքում հատկապես աճ է արձանագրել 2017-2018թթ-ին. այսպես, 2014-ի հունվարին այն կազմել է 4.6 տոկոս, 2015-ի նույն ամսին ցույց տվել բացասական՝ 4.3 տոկոս ցուցանիշ, իսկ 2016-ի հունվարին՝ 2.5 տոկոս բացասական ցուցանիշ: Սակայն 2017 և 2018թթ-ի հունվար ամիսներին այն համապատասխանաբար աճել է 9.0 և 17.3 տոկոսով:

Շինարարության ծավալները 2014, 2015, 2016, 2017 և 2018թթ-ի հունվար ամիսներին, համապատասխանաբար, կազմել են -0.4, 3.1, 5.1, -5.3 և 19.7 տոկոս, այսինքն` նախորդ տարվա բացասական ցուցանիշի դիմաց այս տարվա հունվարին մեծ աճ է արձանագրվել: Սակայն գյուղատնտեսությունը ունի որոշակի անկում. 2014թ-ի հունվարին աճը կազմել էր 1.7, 2015թ-ի՝ 1.8, 2016-ի՝ 1.5, 2017-ի նույն ամսին՝ 0.2 տոկոս, իսկ 2018-ի հունվարին այն նվազել է 0.4 տոկոսով: Վերջին երեք տարիներին շարունակաբար աճել են արդյունաբերական արտադրանքի ծավալները. եթե 2014 և 2015թթ-ի հունվար ամիսներին այն նվազել էր, համապատասխանաբար, 3.3 և 6.1 տոկոսով, ապա 2016, 2017 և 2018թթ-ի նույն ամսվա ընթացքում այն աճել է 14.5, 11.1 և 13.9 տոկոսով:

2018-ի հունվարին խոշոր աճ է արձանագրվել առևտրաշրջանառության ծավալում՝ 47.8 տոկոս: 2017թ-ի հունվարին աճը կազմել էր 43.2 տոկոս: Դրան նախորդող երեք տարիներին ցուցանիշը նվազել էր. 2014թ-ի հունվարին՝ 3.3, 2015-ի հունվարին՝ 28.7, իսկ 2016-ի հունվարին՝ 10.9 տոկոսով: Արտահանման ծավալները 2017թ-ի հունվարին աճել են 35.4, իսկ 2018թ-ի հունվարին՝ 45.2 տոկոսով այն դեպքում, երբ 2014-ի հունվարին այն նվազել էր 0.1, 2015-ի հունվարին՝ 11.9 տոկոսով, իսկ 2016-ի հունվարին աճել էր 11.4 տոկոսով:

 

Ներմուծման ծավալները ևս վերջին երկու տարիներին զգալի աճ են արձանագրել. 2017-ի հունվարին աճը կազմել է 47.9, իսկ 2018-ի հունվարին՝ 47.9 տոկոսով: 2014, 2015 և 2016թթ-ի հունվար ամիսներին ցուցանիշը նվազել էր, համապատասխանաբար, 4.4, 34.1 և 20.0 տոկոսով: