Հայաստանը բարձր է գնահատում Ամերիկայի Միացյալ Նահանգների' որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի, շարունակական աջակցությունը' ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: Այդ մասին Հայաստանում ԱՄՆ դեսպանությունում տեղի ունեցած ԱՄՆ Անկախության օրվան նվիրված միջոցառման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

 

Կառավարության ղեկավարը նշեց, որ ԱՄՆ դիրքորոշումը զինադադարի խախտումները հետաքննող մեխանիզմների ներդրման և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնման հարցում կարևոր է հակամարտության հետագա սրման բացառման և խաղաղ կարգավորման գործընթացի շարունակման համար: «Մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ կառավարության կողմից ներդրվող միջնորդական ջանքերը և ակնկալում, որ դրանք առավելագույնս կնպաստեն տարածաշրջանում խաղաղության պահպանմանը»,- ասաց ՀՀ վարչապետը: