«Ես ձեր դիրքորոշման վրա թքած ունեմ»,- այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատական նիստի ժամանակ դիմելով դատախազ Պետրոս Պետրոսյանին՝ հայտարարեց «Սասնա Ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը:

Վերջինս, հաշվի չառնելով դատարանի նախազգուշացումը, որ շարունակելու դեպքում կհեռացվի դահլիճից, կրկին խախտեց լռությունը եւ դիմելով դատավորին՝ ասաց. «Ինչի՞ ես էս թուրքին բերել, նստացրել դեմս»:

«Թուրքը դու ես, արա՛, հանգստացի՛ հլը»,- հունից դուրս եկավ մեղադրող դատախազը: 

Պաշտպան Արա Ղարագյոզյանը դատարանին միջնորդեց քրեական գործ հարուցել դատախազ Պետրոս Պետրոսյանի նկատմամբ դատարանում նրա վարքագծի հետ կապված։ 

«Պետք է դիմել գլխավոր դատախազին՝  դատախազ Պետրոս Պետրոսյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով և քննել նրա վարքագիծը, քանի որ նա վիրավորել է այնպիսի մարդու, ով պաշտպանել է մեր սահմանները»,- ասաց պաշտպանը։

Պաշտպան Հարություն Բաղդասարյանն էլ հայտարարեց, որ դատախազ Պատրոսյանը պետք է բացատրի դատարանում գտնվելու իր կարգավիճակը և ապահովվի չեզոքություն․ «Մենք պետք է իմանանք՝ ում հետ գործ ունենք, սա նմանվում է ավագանու նիստին արդեն»,- ասաց պաշտպանը։

Նշենք, որ դատարանը դատախազի հասցեին վիրավորանքներ հնչեցնելու համար երեք անգամ դատական սանկցիա կիրառեց Պավել Մանուկյանի նկատմամբ, այնուհետև նրան դահլիճից հինգ ժամով հեռացնելու որոշում կայացրեց։ Իսկ դատախազ Պետրոսյանը ենթարկվեց դատական սանկցիայի:

Հիշեցնենք, որ «Սասնա Ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: 

Գործով մեղադրվում են ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի, Սեդրակ Նազարյանի գործով դատական նիստը։




Տեսանյութը՝ tert.am