«Առաջին լրատվական»-ը գրում է.

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ  վարչական շրջանի տարածքում գտնվող մասնաշենքում Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ շարունակվեց Գեորգի Սաֆարյանի գործի դատական քննությունը:

 

Գեորգի Սաֆարյանին մեղադրանք է առաջադրված ծանր հանցագործության՝ շահադիտական դրդումներով սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով:

Սպանությունը, որի համար մեղադրվում է Գեորգի Սաֆարյանը, կատարվել է  22 տարի առաջ՝ 1995 թվականի հունվարի 26-ին, Երևանում:

Գեորգի Սաֆարյանը  գտնվել է միջազգային հետախուզման մեջ, նա Ռուսաստանում ապրել է ուրիշի անվան տակ ու հայտնաբերվել է սպանությունից 20 տարի անց՝ 2015 թվականին: Սաֆարյանը արգելանքի տակ է առնվել Ռուսաստանում, այնուհետև տեղափոխվել է Հայաստան:

1995 թվականի հունվարի 26-ին կատարված սպանությունը մեղսագրվել է ոչ միայն Գեորգի Սաֆարյանին: Ըստ գործի քննության արդյունքների՝ սպանությունը եղել է նախապես ծրագրված ու խմբակային:

1995 թվականի հունվարի 28-ին Երևանի Կոմիտասի պողոտայի 25/2 շենքի 26 բնակարանում հայտնաբերվել է բնակարանատիրոջ՝ Իրանի քաղաքացի Հայկ Աբրահամյանի դիակը՝ բռնության հետքերով:

Սպանությունը բացահայտվել է կարճ ժամանակում:

Տուժող Հայկ Աբրահամյանը մի քանի տղաների հետ Երևանում ծանոթացել էր 1994 թվականին ու մեկնել էր Իրան: Երևան էր վերադարձել 1995 թվականի հունվարին:

Հունվարի 22-ին Հայկ Աբրահամյանը հանդիպել էր երևանյան ընկերներից՝ Գեղամ Մախմուրյանին և անզգուշություն էր ունեցել անկեղծանալու, թե խոշոր գումար է բերել հետը՝ Հայաստանում ասֆալտի գործարան կառուցելու նպատակով:

Մախմուրյանն իր հերթին Հայկի մոտ եղած խոշոր գումարի մասին տեղեկացրել էր իր ընկեր Արթուր Թադևոսյանին:

Ուրիշի ունեցվածքը հափշտակելու նպատակով, ըստ մեղադրանքի,  Արթուր Թադևոսյանը ներգրավել էր նոր ընկերների՝ Գեորգի Սաֆարյանին, Արման Պետրոսյանին ու Վահան Կուրղինյանին: Կատարել էին դերաբաշխում, պատրաստել էին հանցագործության գործիքներ:

Որոշել էին Հայկ Աբրահամյանին սպանել թունավորման եղանակով:

Ըստ մեղադրանքի՝ Գեորգի Սաֆարյանը, գյուղատնտեսական ակադեմիայի ուսանող լինելով, ակադեմիայից թունավոր նյութ էր վերցրել:

 

Ծրագրել էին այդ նյութը խառնել Հայկի ըմպելիքին: Բայց հաշվի էին առել, որ հնարավոր է՝ թույնը անհրաժեշտ ազդեցությունը չունենա: Նախապատրաստել էին նաև սպանության «պահեստային» տարբերակ, դրա համար անհրաժեշտ գործիք էին ձեռք բերել:

Ըստ մեղադրանքի՝ 1995 թվականի հունվարի 26-ին, ժամը 20-ն անց 30-ի սահմաններում 4 երիտասարդները՝ Արթուր Թադևոսյանը, Գեորգի Սաֆարյանը, Արման Պետրոսյանն ու Վահան Կուրղինյանը, գնացել էին Հայկ Աբրահամյանի շենքի մոտ:

Վահան Կուրղինյանը մնացել էր բակում՝ անհրաժեշտության դեպքում ընկերներին սուլոցով նախազգուշացնելու նպատակով: Մյուս  3-ը գնացել էին Հայկի բնակարան: Նրանք դատարկաձեռն չէին՝ գարեջուր էին տարել իրենց հետ:

Ըստ մեղադրանքի՝ գարեջրի շշերից մեկի մեջ ներարկիչով ներարկված էր թունավոր նյութը:

Այդ շշից, ըստ մեղադրանքի, Գեորգին գարեջուր էր լցրել Հայկի բաժակի մեջ: Հայկը խմել ու տասը րոպե անց քնել էր:

Հասկանալով, որ թույնի ազդեցությունը մահացու չէ, Հայկը ոչ թե մահացել, այլ քնել է, հանցակիցները, ըստ մեղադրանքի, որոշել էին գործի դնել նաև Հայկին սպանելու «պահեստային» տարբերակը: Արթուրը բռնել էր Հայկի ոտքերը, Արմանը՝ գոտկատեղը: Գեորգի Սաֆարյանը, ըստ մեղադրանքի, իր մոտ եղած գործիքով՝ երկու ծայրերին փայտե բռնակներ ունեցող մետաղալարով, որով ժամանակին կարագ էին կտրում, խեղդամահ է արել Հայկ Աբրահամյանին:

Տանտիրոջը սպանելուց հետո բնակարանում իրենց պատկերացրած խոշոր գումարը չէին գտել, ձեռքներն ընկած արժեքավոր իրերը հափշտակել ու հեռացել էին:

Օրեր անց սպանությունը բացահայտվել էր, բռնվել էին Արթուր Թադևոսյանն ու Գեղամ Մախմուրյանը:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: