Գառնու համայնքապետարանը թույլ չի տվել «Քարերի սիմֆոնիա»-ի տարածքում շինարարություն իրականացնել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը՝ անդրադառնալով Գառնու «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանի տարածքում շինարարություն սկսելու աղմուկ հանած խնդրին։
«Իհարկե, դա մեր ոլորտային ծրագիրը չէ, բայց մենք իրազեկված ենք՝ ծրագիրը նախկինում անցել է նախարարությունով։ Կարծում եմ, որ եթե այդ կառույցը նույնիսկ ժամանակավոր է և ապօրինի է կառուցված, մենք մեր համայնքապետին և մարզպետին համապատասխան ցուցում ենք տալու, որպեսզի այն ուսումնասիրվի։ Ես մի քանի անգամ հեռախոսով զրուցել եմ նրանց հետ, դեպքի մանրամասներին տեղյակ եմ։ Գառնիի համայնքապետը շինարարության թույլտվություն չի տվել այն կառուցելու համար։ Այստեղ մեղքի բաժին նաև համայնքապետը ունի, որ չի միջամտել շինարարությանը, տեսչությունները նույնպես մեղավոր են, որոնք կառուցվելուց հետո են տեսնում այդպիսի շեղումները»,- ընդգծեց նախարարը։
Լոքյանը նշեց, թե իր տեղեկություններով փայտից ժամանակավոր կառույց է, որը պետք է սրճարանի սպասարկման ֆունկցիա կատարեր։ Նրա խոսքով, եթե դա հուշարձանի արժեքի վիճակը չի վատթարացնում, ապա քաղաքաշինական նորմերով պետք է հաստատվի։
«Մենք չպետք է բացարձակացնենք, որ ոչինչ հնարավոր չլինի կառուցել, սակայն եթե կառույցը աղճատում է բնության ընդհանուր պատկերը և խանգարում, ապա պետք չէ թույլ տալ»,- շեշտեց Դավիթ Լոքյանը։
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի այն դիտարկմանը, թե համայնքը համաձայն չէ, որպեսզի հուշարձանը միացվի Խոսրովի արգելոցին, որով կարելի էր հուշարձանն ավելի խիստ պահպանության ռեժիմի տակ դնել, Լոքյանն ասաց, որ, ընդհանուր առմամբ, դա լավ բան է։
«Ընդհանուր տեսանկյունից դա լավ բան է, որ մենք ունենք տիրույթ, որտեղ խստացված է պահպանությունը, բայց մենք պետք է գտնենք նաև այնպիսի ձևաչափ, որպեսզի համայնքի եկամուտ ունենալու հնարավորությունները չփոքրացնենք»,- ասաց ՀՀ ՏԿԶ նախարարը։
Փետրվարի 22-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերը ահազանգել են բնական հուշարձան համարվող Գառնու կիրճում գտնվող «Քարերի սիմֆոնիա»-ի մոտ կատարվող շինարարական աշխատանքի մասին։ Լուսանկարներ են տարածվել, և օգտատերերը նշել են, որ տեղյակ չեն, թե ովքեր են կառուցողները, և, ընդհանրապես, ինչ է կառուցվում բնական հուշարձանի տարածքում։