ՀՀ աշխատանքի և սոցիալական աջակցության Աբովյան քաղաքի տարածքային գործակալության աշխատակիցը' Մանուշակ Սարգսյանը, մի խումբ բնակիչներից որպես կաշառք պահանջել և ստացել է օրենքով նախատեսված նպաստների մի մասը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' փետրվարի 16-ին Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության Կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների համատեղ ջանքերով պարզվել է այն անձանց շրջանակը, որոնցից Մանուշակ Սարգսյանը կաշառք է պահանջել և ստացել:
Մի կնոջից Սարգսյանը 2013-2018 թվականներին պարբերաբար գումար է վերցրել'ընդհանուր մոտ 100 հազար դրամ, որպեսզի նա շարունակի մնալ սոցիալական ծրագրում և ստանալ ամսական օգնությունները, իսկ մեկ ուրիշ քաղաքացուց ստացած գումարը 500 հազարից ավելի էր: Այդպես Մանուշակ Սարգսյանը շուրջ 5 մարդուց կաշառք էր վերցել:
Ոստիկանության ծառայողները աշխատանքի և սոցիալական աջակցության Աբովյանի քաղաքի տարածքային գործակալություն մեկնեցին և Սարգսյանին բերման ենթարկեցին ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին: Հանգամանքները պարզվում են, փաստի առթիվ Քրեական օրենսգրքի կաշառք ստանալու և կաշառք տալու հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին: Նախաքննությունը շարունակվում է: